Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր

Փետրվար 02,2017 17:12

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին:

Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝ բարձր մակարդակի կայուն հարաբերություններ:

«Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», – ասել է Կարեն Կարապետյանը:

Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի աշխուժացումը՝ նշելով, որ այդ ոլորտում չօգտագործված մեծ ներուժ կա:

Համագործակցության խթանման և գործարար շփումների ակտիվացման նպատակով վարչապետը կարևորել է օդային ուղիղ կապերի հաստատումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանն օգտվում է Շվեյցարիայի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) արտոնյալ ռեժիմից:

Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն երկարամյա սերտ քաղաքական հարաբերություններ՝ դեսպան Գասերը համակարծիք է եղել, որ տնտեսական համագործակցության ներուժն ավելին է, քան օգտագործվում է, և Շվեյցարիան ևս կարևորում է երկկողմ տնտեսական կապերի խորացումը: Նա նշել է, որ Հայաստանի տարածաշրջանների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ձևավորվել է արդյունավետ գործակցություն,իսկ հումանիտար ոլորտում հայ-շվեյցարական սերտ գործընկերության ձեռքբերումներից է այն, որ Շվեյցարիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու մասին:

Լուկաս Գասերը ողջունել է վարչապետի՝ երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելու առաջարկությունը և գործընթացը սկսելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը և դեսպան Գասերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրան­քային էներգետիկայի, դեղագործության ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցության ծրագրերի համար, որոնք նպաստում են Հայաստանի հեռավոր մարզերի տնտեսության զարգացմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728