Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են գերատեսչությունների 2016 թ. գործունեության հաշվետվությունները

Փետրվար 08,2017 18:15

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով: Ծախսերի սահուն իրականացման և անհրաժեշտ բյուջետային «բարձիկների» ձևավորման նպատակով բարելավվել է հարկաբյուջետային կարգապահությունը, ինչպես նաև ավելացվել է ներքին շուկայում պետական պարտատոմսերի թողարկման հաշվին լրացուցիչ միջոցների ներգրավումը: Գնումների ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության պայմանները, ձևավորվել է բողոքարկման արտադատական գործունակ և անկախ համակարգ, բարձրացվել է գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանը, մեխանիզմներ են նախատեսվել կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգը օգտագործող պատվիրատուների և էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը:

Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ ներդնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ստեղծել նախատեսվող և համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:

Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել հստակ հայտանիշեր: «Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակի վրա կանոնավոր քննարկումների կազմակերպումը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728