Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդի» երիտթեւի նախագահը լքում է կուսակցությունը «կեղծ ու գաղջ» մթնոլորտի պատճառով

Փետրվար 09,2017 12:10

Նախկինում լինելով Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության նախագահը` ես եւ իմ գործընկերները մշտապես կողմ ենք եղել քաղաքական դաշտում գաղափարակիցների եւ համախոհների համախմբմանը։

2015թ.-ի հունիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների հետ ես եղել եմ «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիրներից եւ որպես հիմնադիր՝ ես և իմ քաղաքական թիմը լծվեցինք նոր կառույցի կազմավորման աշխատանքներին: «Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից մեկն ու կառավարման խորհրդի անդամ լինելուց բացի, ընտրվել եմ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Երիտասարդական միության նախագահ եւ 2015թ.-ին օգոստոս ամսից մինչ օրս ղեկավարել եմ ՀՎԿ Երիտասարդական միությունը։ Այսօր ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես եւ իմ թիմակիցները սխալվել ենք, երբ միամտորեն հավատում էինք, որ մաս ենք կազմում ժողովրդական պահանջ ունեցող ուժի եւ գործընթացի։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր։ «Հայկական Վերածնունդի» եւ նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ ու ակնհայտ է, որ երբևէ չի դառնալու։ Համատեղ անցած ճանապարհը ինձ թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։ Ուստի, պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվում եմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծ ներդրումն եմ ունեցել ՀՎԿ-ի ձևավորման և կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում: Բնականաբար, գիտակցում եմ, որ իմ այս քայլով արժանանալու եմ ոմանց քննադատությանն ու մեղադրանքներին, բայց վստահորեն կարող եմ ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինում եղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա ինձ, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն և հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ։ Ես իմ ընկերները ընտրել ենք արժանապատվության ճանապարհը։ Մենք մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի ապագայի համար, մենք կարող ուժ ենք եւ առաջիկայում կհայտարարենք, թե ո՞ր քաղաքական ուժին ենք սատարում։ Ուժ, որը ունի հանրային մեծ վստահություն եւ ունակ է երկիրը դուրս բերելու այս վիճակից։

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ,

«Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ,

ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ

Դավիթ Հարությունյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728