Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը չի հրաժարվի Հայաստանից որպես իր դաշնակից». Ռուբեն Սաֆրաստյան

Մարտ 13,2017 16:45

«Եվրոպան Թուրքիայի հետ հարաբերությունների կամուրջները չի այրում»,- այսօր՝ մարտի 13-ին «Արմենպրես» գործակալության ակումբում լրագրողների հետ Եվրոպայում հակաէրդողանական ալիքի բարձրացումը թեմայով հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով Եվրոպայի կողմից շարունակվում է Թուրքիային տնայնացնելու գործընթացը: Սա մինչև հիմա դեռ հնարավոր չի եղել, իսկ վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ըստ էության՝ նախորդ տասնամյակների ջանքերն արդյունք չեն ունեցել:

«Թուրքիան նամանավանդ Էրդողանի ղեկավարության շրջանում իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում, իսկ սա բարկացնում է եվրոպացիներին»,- ասաց թուրքագետը:

Նա խուսափեց գնահատել Թուրքիա -Եվրոպա հարաբերությունների ներկա փուլը որպես իրարից հեռանալու գործընթաց: Պարոն Սաֆրաստյանի խոսքով՝ պետք է ավելի ուշադիր հետևել Գերմանիայի պահվածքին, մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարություններին. «Գաղտնիք չէ, որ Գերմանիան է հանդիսանում Եվրամիության առաջատար երկիրը և այնպես է ստացվել, որ հենց Անգելա Մերկելն է որոշում Միացյալ Եվրոպայի քաղաքականության զգալի հատվածը: Նա շատ հստակ մի քանի օր առաջ հայտարարեց, որ Թուրքիան իրենց պետք է. դրա համար իրենք կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կսրեն իրադրությունը: Պետք է եզրակացնել, որ Եվրոպան Թուրքիայի հետ հարաբերությունների կամուրջները չի այրում»:

Բանախոսի համոզմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և եվրաինտեգրման գործընթացը, ըստ էության դեռևս մնում են եվրոպական քաղաքականության, դիվանագիտության օրակարգում: Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիան իրեն թույլ է տալիս այնպիսի գործելակերպ, որը կտրուկ փոխում է նրա նախորդ դիրքորոշումները և իրադրությունը: «Սա տեղի ունեցավ նաև Իսրայելի, Սիրիայի, Ռուսաստանի հետ հարաբերություններում: Հիմա էլ նույն քայլերը փաստորեն փորձում է իրականացնել Էրդողանը Եվրոպայի դեպքում: Ես կարծում եմ, որ սա Թուրքիայի արկածախնդրային քաղաքականության արտահայտումներից մեկն է. այսինքն՝ նա բարձրացնում է խաղադրույքները և ավելի ռիսկային խաղի է գնում Եվրոպայի հետ հարաբերություններում»:

Թուրքագետը կարծում է, որ Թուրքիային մինչև այսօր հաջողվել է տանուլ չտալ, որոշ դեպքերում էլ հասնել ձեռքբերումների, և սա էլ եղել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մշակողների և առաջին հերթին Էրդողանի հաշվարկը:

Պարոն Սաֆրաստյանի խոսքով Եվրոպայում Թուրքիայի կարևորության գործոնները մի քանիսն են.

1.Առաջինը աշխարհաքաղաքական գործոնն է. «Թուրքայի աշխարհագրական դիրքը, ռազմական հզորությունը, տնտեսական աճը, ներգրավվածությունը տարածաշրջանային գործընթացներում Թուրքիային մեծ կարևորություն է տալիս»:

2.Միգրացիոն հոսքերը. «Չնայած , որ սա Եվրոպայի համար մեծ գլխացավ է՝ այն հնարավորություն է տալիս Թուրքիային իր պահանջները ուժեղացնելու: Մյուս կողմից Թուրքիան որոշակի դեր է կատարում միգրացիոն գործընթացները կառավարելու առումով»:

3.Թուրքիան հնարավորություն ունի Եվրամիության տարածքում բնակվող իր քաղաքացիներին օգտագործել իր քաղաքականության գործիք. «Հիմա նա դա անում է իր ներքին քաղաքական խնդիրները լուծելու համար, բայց չկա ոչ մի երաշխիք, որ նա չի օգտագործի այդ գործոնը Եվրոպայի դեմ»:

Հարցին՝ այս ամենն ավելի՞ կսերտացնի Մոսկվա-Անկարա հարաբերությունները, և միաժամանակ կվնասի՞ Ռուսաստան –Հայաստան հարաբերություններին, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մոտակա զարգացումները շատ դժվար է կանխատեսել. «Ակնհայտ է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացումը Թուրքիան կփորձի փոխարինել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ: Սա հնարավորություն է ցույց տալու՝ տեսեք մեր նշանակությունը այնքան մեծ է, որ չեք ուզում մեզ հետ վատ հարաբերություններ ունենալ: Մենք ունենք Ռուսաստան: Մի կողմից էլ հնարավորություն է տալիս Թուրքիային Ռուսաստանին ասելու՝ տեսեք մենք Եվրոպայի հետ հարաբերություններ վատացնում ենք, բայց կարող ենք ձեզ հետ լավացնել»:

Իսկ Հայաստան Ռուսաստան հարաբերութունների համար նա ասաց, որ Ռուսաստանը չի հրաժարվի Հայաստանից որպես իր դաշնակից. «Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականության ակտիվացումը Մերձավոր Արևելքում: Ռուսաստանը չունի այդքան քաղաքական միջոցներ, որ կարողանա իր ազդեցությունը ուժեղացնել: Նա դա անում է միայն զենքի միջոցով: Հայաստանի նշանակությունը որպես մի երկիր, որտեղ գտնվում է ռուսական ռազմաբազան, և որն ազդում է Մերձավոր Արևելքի վրա, ավելի է մեծանում: Եվ վերջիվերջո մենք ունենք Ռուսաստանի տրամադրած այնպիսի զենք, որի գործողության չափերը մի քանի հարյուր կիլոմետր են, այսինքն` չափերը կհասնեն մինչև Մերձավոր Արևելք: Այսպիսով՝ Հայաստանը կարևոր գործոն է» , -հավելեց բանախոսը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031