Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե մինչեւ հիմա թափանցիկությանն ուղղված քայլերը որեւէ շոշափելի արդյունք չեն տվել. «Հայկական ժամանակ»

Մարտ 14,2017 12:25
karavarutyun

Ինչ խոսք, ցանկացած պարագայում թափանցիկությունը վնաս չէ: Բայց արդյոք իշխանությունը իրոք ուզո՞ւմ է պայքարել այդ երեւույթների դեմ, թե՞ պարզապես նմանատիպ օրենքներ է մշակում միայն այդ պայքարի իմիտացիան ապահովելու համար։

Գոնե մինչեւ հիմա թափանցիկությանն ուղղված քայլերը որեւէ շոշափելի արդյունք չեն տվել։ Դրանք հատվածական են, ոչ ամբողջական, կցկտուր…։ Օրինակ, արդեն 2-3 տարի կառավարությանը առաջարկվում է հրապարակային դարձնել իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի տվյալները։ Այսինքն, անել այնպես, որ ցանկացած ոք մտնի ռեգիստրի տվյալների բազա եւ իմանա, թե որ ընկերությունը ով է հիմնադրել, քանի բաժնետեր ունի եւ ովքեր են նրանք, ընթացքում ովքեր եւ ում են վաճառել իրենց բաժնեմասերը եւ այլն։ Այդ տվյալները ոչ մի գաղտնիք չեն պարունակում եւ այսօր էլ դրանք բաց են։ Սակայն որպեսզի ունենաք մեկ ընկերության վերաբերող այդ տվյալները, պետք է վճարեք պետական տուրք, սպասեք, մինչեւ ձեզ տրամադրեն այդ տվյալները։

Ուրեմն, ինչու ամբողջությամբ չեն բացվում այդ տվյալները։ Շատ պարզ պատճառով։ Որպեսզի իմանաք, թե X ընկերության ետեւում ով է կանգնած, պետք է գտնեք, թե ուրիշ էլ որ ընկերության բաժնետերերի մեջ կա տվյալ անձը։ Իսկ այսօր գործող այդ սկզբունքով նման տեղեկություն ունենալը անհնարին է։ Ուշագրավն այն է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներից լսելով այս առաջարկը, միանգամից դրական են արձագանքում, բայց արդեն 2-3 տարի խնդրին լուծում չի տրվում։ Ընդ որում, սա իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, ընդամենը համակարգչային մի պարզունակ ծրագրի խնդիր է եւ հնարավոր է լուծել մի քանի ժամվա ընթացքում։

Հենց լրագրողների կողմից բազմիցս առաջարկվել է խոշոր հարկատուների՝ պարբերաբար հրապարակվող ցանկում ավելացնել սյունակները։ Այսինքն, առանձին ներկայացնել եկամտային հարկը, շահութահարկը, մաքսատուրքը եւ այլն։ Այդ տվյալները ունենալու դեպքում շատ հեշտորեն կարելի է համադրել հարկատեսակները եւ պարզել, թե որ ընկերության գործունեությունն է կասկածելի։ Այս առաջարկը եւս հնչել է տարիներ առաջ ու հարցը բարձրացվել է պարբերաբար, բայց դա նույնպես չի լուծվում։ Այսինքն, «թափանցիկացման» այն բոլոր առաջարկները, որոնք իրոք կարող են որոշակի ազդեցություն ունենալ, չեն ընդունվում։ Չեն մերժվում, բայց չեն էլ ընդունվում։ «Չի մերժի, բայց կտա՞»,- կհարցներ դասական ֆիլմի հերոսը։

Այնպես չէ, իհարկե, որ վերը նշված առաջարկները ընդունելու եւ այդ տվյալները հրապարակելու դեպքում Հայաստանում արմատախիլ կլիներ կոռուպցիան ու ստվերային տնտեսությունը։ Բայց այդ տվյալների հիման վրա գոնե ԶԼՄ-ների պատրաստած հրապարակումները կարող էին խորացնել հասարակական պահանջը այդ երեւույթների դեմ պայքարելու հարցում։ Ու թեկուզ դանդաղ, թեկուզ քայլ առ քայլ մենք կգնայինք այդ ուղղությամբ։ Իսկ հիմա պարզապես ակնհայտ է, որ ոչ մի գործուն քայլ վերարտադրվելու համար միջոցներ չխնայող իշխանությունը չի անելու։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031