Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ չեզոք լուսաբանումների աճ` այս քարոզարշավի ընթացքում

Ապրիլ 04,2017 17:18

Հեռարձակվող 5 լրատվամիջոցների (Հ1, «Կենտրոն», «Շանթ», «Երկիր մեդիա» և «Արմենիա» հեռուստաընկերություններ) մոնիտորինգի արդյունքներն արձանագրել են 6.5 տոկոս ոչ չեզոք լուսաբանում: Աճ է գրանցվել համեմատած 2012-2013-ի ընթացքում հեռարձակվող լրատվամիջոցների լուսաբանման չեզոքությանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս առիթով մանրամասնեց. «Եթե 2012-ին այդ տոկոսը կազմել էր 3.5, 2013-ին էլ ավելի ցածր` 2.2, ապա այս անգամ այդ տոկոսը հասել է 6.5 տոկոս, ինչը մենք վաղուց չունեինք: Նման թվեր ունեինք 2007-2008-ին: Սա որոշ անհանգստություն է պատճառում, քանի որ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում մինչև հինգ տոկոսը: Սա նշանակում է, որ պայքարն ավելի նյարդային է և դա արտացոլվում է նաև հեռարձակվող լրատվամիջոցներով»:

Պարոն Նավասարդյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգն իրականացրել են ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում ու հավելեց. «Ցավոք, ԵԱՀԿ գրասենյակը, բոլորին հասկանալի պատճառով, Հայաստանում չի իրականացում ծրագրեր, քանի որ Ադրբեջանը սառեցրել է ՀՀ-ի համար նախատեսվող ծրագրերի բյուջեները:Այս կարևոր նախընտրական շրջանում, ինչպես շատ կազմակերպություններ, մենք ևս ստիպված էինք մեր «ախորժակը» սահմանափակել, ուստի դիտարկել ենք ընդամենը հինգ հեռուստաընկերություն»:

Թեև Բորիս Նավասարդյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, լուսաբանումը հավասարակշռված է եղել, բայց նաև մտահոգություն հայտնեց, որ տարածքային ցուցակներում ներառված պատգամավորի թեկնածուների հավասար իրավունքի պահանջը չի կատարվել:

Իսկ թե ինչպես են լուսաբանել հեռարձակվող ԶԼՄ-ները կոնկրետ ուժերի, պարոն Նավասարդյանը ներկայացրեց. «Առաջին չորս կուսակցությունները, որոնք առավել մեծ լուսաբանումներ են ստացել, ՀՀԿ-ն է` 26 տոկոս դրական, 47 բացասական, ԲՀԿ-ն` 36 տոկոս դրական, 6` բացասական, Կոնգրես-ՀԺԿ`20 տոկոս դրական, 12` բացասական, ՀՅԴ`16 տոկոս դրական, 3 տոկոս բացասական: Բոլորից շատ լուսաբանվել է ՀՀԿ-ն , 2-րդը «Ծառուկյան» դաշինքն է, 3-րդը «Կոնգրես-ՀԺԿ»-ն, 4-րդը` ՀՅԴ, 5-րդը` «Ելք»: Ընդհանուր առմամբ տարբերությունը մեծ չէ: Տարբերությունն ակնհայտ է միայն «Արմենիա» հեռուստաընկերության պարագայում, այն էլ վերջին շաբաթվա կտրվածքով: ՀՀԿ-ն ունի 10.000-ից ավելի լուսաբանում, իսկ, օրինակ,` «Ազատ դեմոկրատները»` 1500: Փաստորեն, «Ազատ դեմոկրատներ»-ից ՀՀԿ-ն 6.6 անգամ ավելի շատ եթերաժամանակ է ստացել: Դա մեծ տարբերություն է»:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի ելույթները դիտարկվե՞լ են որպես ՀՀԿ-ի օգտին քարոզարշավի լուսաբանում, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե որևէ անձ, նույնիսկ լինելով տվյալ կուսակցության ներկայացուցիչ, ներառված չէ ընտրական ցուցակներում և ելույթ է ունենում քարոզարշավից դուրս իր պաշտոնի պարտականությունները կատարելիս ու չի խոսում իր կուսակցության մասին, ապա դա չի հաշվարկվել: Եթե գումարենք նաև Կարեն Կարապետյանի բազմաթիվ ելույթները` որպես վարչապետ, բնականաբար, ՀՀԿ-ն շատ ավելի մեծ առավելություն կստանար»:

Պարոն Նավասարդյանը փաստեց, որ այս քարոզարշավի լուսաբանման ժամանակ գրանցվել է էթիկայի խախտման 34 դեպք, երեխաների օգտագործումն էր այս անգամ ավելի ինտենսիվ, քան նախորդ ընտրություններին, ինչը բոլոր միջազգային նորմերով արգելվում է. «Էթիկայի խախտման՝ մեր արձանագրած դեպքերն ավելի շատացել են նախընտրական քարոզարշավի հատկապես երկրորդ երկու շաբաթվա ընթացքում»:

Հեռարձակվող ԶԼՄ-ների մոնիտորինգի իրականացման արդյունավետությունը պարոն Նավասարդյանը կարևորեց ու նշեց. «Անհրաժեշտ է նախ այն պատճառով, որ սոցհարցումները ցույց են տալիս` 80 տոկոս բնակչությունը շարունակում է հեռուստատեսությունը դիտարկել` որպես տեղեկատվության աղբյուր, և կան ապացույցներ, որ հեռուստատեսությունը մնում է կարևոր, և կարգավորումներ անհրաժեշտ են: Օրինակ`Լևոն Տեր-Պետրոսյանի երկու հարցազրույցները Կենտրոն և Հ1-ի եթերում էին: Հիշում եմ, որ Տեր-Պետրոսյանը ոչ նախագահ լինելու ժամանակ, ոչ էլ ընդդիմություն լինելու ընթացքում, երբևէ հեռուստատեսային տաղավարում հարցազրույց չի տվել: Եթե շփվել է լրագրողների հետ, շփվել է իր գրասենյակում, կամ իր տանը հրավիրում էր լրագրողներին և զրուցում, մենախոսում»:

Դառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ պարոն Նավասարդյանը լրատվամիջոցներին առաջարկեց. «Թեև դժվար թե օրենքով ամրագրված լինի այդ դրույթը, բայց հորդորում եմ լրատվամիջոցներին՝ էլի փորձեք բանավեճեր կազմակերպել, հնարավորինս համոզել կուսակցություններին: Անընդունելի է, երբ քաղաքակիրթ երկրում բացակայում են դեբատները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930