Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա կասեք` հապա մի լավ բան չի՞ արել Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը». «Երկիր Ծիրանիի» թեկնածու

Մայիս 03,2017 16:58

«Երևանն անկախությունից ի վեր աստիճանաբար կորցնում է իր դեմքը, և դա չի անում դրսի թշնամին, այլ արվում է տեղի ոչ կոմպետենտ, ապաշնորհ կառավարիչների կողմից՝ միտումնավոր կամ անգիտակցորեն»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում ահազանգեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Գոհար Արշակյանը:

Ըստ նրա` դա արվում է միտումնավոր, քանզի նրանց հետաքրքրում է միմիայն սեփական բիզնեսը և ոչ հանրային շահը կամ ասենք Երևանը տուրիզմի համար հետաքրքրություն ներկայացնող քաղաք դարձնելը. «Բարբարոսաբար ջնջում են Երևանի պատմության վկայությունները՝ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերն ու անգամ խորհրդանիշները: Մերկապարանոց չերևալու համար թվեմ մի քանիսը՝ ու՞ր են Շահումյան հրապարակից հանված նախկին Սպանդարյան շրջանի շրջգործկոմի շենքի համարակալած քարերը, ինչու՞ քանդվեց Արամի 3 հասցեի տունը կամ Երիտասարդության պալատը, որի տեղում արդեն քաղաքի սրտում գրանիտի հանքահոր են դարձրել, առանց հասկանալու, որ քաղաքը մի փոքր քամուց արդեն կորում է փոշու ամպերի մեջ»:

Գոհար Արշակյանն անճաշակություն համարեց Մաշտոցի պողոտայում գտնվող կառավարական հյուրերի տան պարսպի պատերին այբուբենի աղավաղված տառերի հայտնվելը. «Տառերը լցոնված են ավելորդ նախշերով, ինչի մեջ հայերեն լավ իմացողն անգամ դժվարությամբ է գտնում ճշգրիտ տառը: Ու՞մ էր սա պետք, հասկանալի է՝ ծախսատար պետք է ներկայացնեն, այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է փող լվանալ, ինչպես ամեն տնկվող կակաչի պարագայում է»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուն նաև պնդեց, թե Երևանում հետևողականորեն ոտնահարվում են քաղաքաշինության նորմերը, անխնա գրավում են մայթերը. «Կոմիտասի կրկնակի գազոնապատ պողոտան, որ ամբողջությամբ նախատեսած էր զբոսանքի համար, այսօր ամեն մի անկյունից, ներքնահարկերից ու առաջին հարկերից պզուկների նման դուրս են պրծել առևտրի կետերը` աղավաղելով հեղինակային միտքն ու աղճատելով քաղաքի դիմագիծը: Ճարտարապետության մեջ գոյությունի նաև կանաչի ճարտարապետություն, որի նորմերը ևս ոտնահարված են»:

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Իրինա Հարությունյանը մտահոգություն հայտնեց, թե տարիների մեջ վերացրին էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցը՝ տրամվայը, ինչպես նաև միկրոկլիմա ապահովող ջրավազանները կամ հիմնովին կամ մասամբ, իսկ Երևանյան լիՃն արդեն տիղմակալման վտանգի առջև է հայտնվել. «Անհասկանալի է, թե ինչո՞ւ կանգառներում գովազդային վահանակները տեղադրում են այնպես, որ դրանք անպատճառ փակեն մոտեցող փոխադրամիջոցը տեսնելու հնարավորությունը, կարծես կանգառից հետ, որ դրվի: Սրանք անհարմարություններ են, որ պետք է վերացնեն քաղաքապետարանի համապատասխան կառույցները, մինչդեռ դրանք հավանաբար լրացուցիչ գումար են կորզում և աչք փակում: Ինչու՞ են շարունակում մեզանում գովազդվել ալկոհոլն ու ծխախոտը (կարող եք տեսնել Լամբադայի կամրջի վրա): Քաղաքի ամեն թիզ հողի վրա շենք են կառուցում, շնչելու օդ չկա, Երևանը գնում է դեպի անապատացման»:

Գոհար Արշակյանն էլ հարց բարձրացրեց. «Հիմա կասեք` հապա մի լավ բան չի՞ արել Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը, ասեմ` արել է՝ քաղաքում գրեթե բոլոր կանգառներում տեղադրված են նստարաններ, ինչը ողջունելի է, սակայն դրանք անչափ թանկ են նստել Երևանի բյուջեի վրա՝ յուրաքանչյուրը 400 դոլար, մի՞թե սա անտնտեսվարություն չի, մի՞թե անհնար էր ավելի էժան նստարաններ տեղադրելը, արդյոք այս ծավալուն գնումը իրականացվել է մրցույթի արդյունքո՞ւմ, հազիվ թե»:

Ամփոփելով՝ տիկին Արշակյանն ասաց. «Ապրիլի 2-ին հրավառություն տվող այս կուսակցության սխալներն անթիվ են՝ սկսած անցյալ տարվա ապրիլի դեպքերից, արտաքին քաղաքականությունից, վերջացրած ներքինով, ավելորդ ժամանակ չեմ խլի, բոլորդ գիտեք»:

Եզրափակելով խոսքը` տիկին Արշակյանը վստահեցրեց. «Ժամանակն է ու դեռ ուշացած, որ Երևանն ունենա կին քաղաքապետ: Զարուհին կարող է այն մերանը լինել, որ կմիավորի ողջ հայությանը՝ թե՛ սփյուռքի և թե՛ ներսի: Նրա անցած ուղին տեսել ենք և մարտնչող կերպարին հավատում ենք, նա չի դառնա դրածո իշխողների ձեռքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031