Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դեղագործական ընկերությունները ինչ-ինչ մեթոդներով շահագրգռում են բժիշկներին՝ հիվանդներին ուղղորդել հենց իրենց դեղատներ. Արտակ Շաբոյան

Մայիս 04,2017 11:17

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեղագործության ոլորտում պարբերաբար կատարած ուսումնասիրությունների ընթացքում բազմիցս բացահայտել է մի շարք խնդիրներ, որոնք օրենքով կամ իրավական որևէ ակտով կարգավորած չեն: Կարևորելով դրանց կարգավորման անհրաժեշտությունը, ՏՄՊՊՀ-ը այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար մշակել է բարեխիղճ վարքագծի կանոնագիրք, որը կկարգավորի սուբյեկտների փոխհարաբերությունները, առաջացած խնդիրները, ինչպես նաև կխրախուսի մրցակցային վարքագծի արդար, բարեխիղճ և հավասար կանոնների ստեղծումը:

Կանոնագրքի մշակման ժամանակ Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել դեղագործության ոլորտում՝ առավել արդիական խնդիրների վերհանման նպատակով: Այս կերպ մատնանշվել են նաև առկա խնդիրների կարգավորման և լուծման ուղիները՝ սկսած բարեխիղճ գովազդից մինչև բժիշկների և դեղագործական ընկերությունների հարաբերություններում կոռուպցիոն և ոչ բարեխիղճ վարքագծի անթույլատրելիությունը:

Մասնավորապես, կանոնագրքով հստակ սահմանվել է, որ դեղ արտադրող կամ ներմուծող ընկերություններին արգելվում է առողջապահության ոլորտի մասնագետներին տրամադրել ցանկացած տեսքով պարգևատրում, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն հիվանդներին նշանակել հենց իրենց կողմից առաջարկվող դեղամիջոցները: Բացի այդ, բուժաշխատողների համար հաճախ կազմակերպվող մասնագիտական սեմինարները չպետք է պարտադրեն վերջիններիս աջակցելու կազմակերպիչների դեղամիջոցների վաճառքի ծավալների ավելացմանը: Հանձնաժողովը հաճախ է այս կամ այն դեղագործական ընկերությունից դժգոհություն ստանում նաև այն մասին, որ մրցակից ընկերությունները մեծ քանակով դեղամիջոցներ և սարքավորումներ են նվիրում բժիշկներին, որպեսզի վերջիններս հիվանդներին ուղղորդեն հենց իրենց դեղատներ: Այդ իսկ պատճառով էլ կանոնագրքում ամրագրվել է դրույթ, որի համաձայն արգելվում է գովազդի նպատակով դեղագործական ընկերությունների կողմից բուժաշխատողներին դեղերի անվճար նմուշների տրամադրումը։

Կանոնագրքին միացած դեղագործական ընկերությունները պարտավորվում են նաև առողջապահության ոլորտի մասնագետներին չտրամադրել անձնական օգտագործման համար, այսինքն բժշկության մեջ ոչ պիտանի նվերներ: Իսկ հուշանվերների (դեղարտադրող ընկերության լոգոտիպով օրացույց, սեղանի ժամացույց, նոթատետր և այլն) արժեքը չի կարող գերազանցել 15 հազար դրամը:

Կանոնագրքի առանցքային կետերից մեկն էլ այն է, որ բոլոր տնտեսվարողները պարտավորություն են ստանձնում ձեռնարկելու անհրաժեշտ և հնարավոր բոլոր միջոցառումները, որպեսզի շուկա հանեն ժամանակակից, անվտանգ և արդյունավետ դեղագործական արտադրանք, և, բացի այդ, իրենց գործունեությամբ և վարքագծով չխաթարեն մրցակցությունը: Նրանք պարտավորվում են իրենց արտադրանքը ձեռքբերող բոլոր ընկերությունների համար ապահովել բարեխիղճ և ոչ խտրական վաճառքի պայմաններ:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն իր խոսքում նշել է որ, ցավոք, այսօր քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ դեղագործական ընկերությունները պայմանավորվում են բուժհաստատությունների հետ և տարբեր միջոցներով շահագրգռում են վերջիններիս՝ հիվանդներին դեղատոմս գրելիս ուղղորդել հենց իրենց դեղատներ, կամ դեղատոմսում գրել իրենց կողմից արտադրվող կամ ներմուծվող դեղորայքի կամ բժշկական սարքավորման անվանումը. «Նման երևույթներն անթույլատրելի են, նախ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ վերջիններս զրկվում են այլընտրանքից և տվյալ դեղամիջոցը մեկ այլ դեղատանը միգուցե ավելի մատչելի գնով ձեռք բերելու հնարավորությունից: Բացի այդ, այստեղ առկա է նաև տնտեսվարողների շահերի բախման խնդիր, քանի որ ուղղորդելով մեկ դեղագործական ընկերության մոտ, անհավասար դաշտում են գտնվում նույն գործունեությամբ զբաղվող մյուս ընկերությունները»: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ կանոնագրքով հստակ սահմանվել և ամրագրվել է նման վարքագծի անթույլատրելիությունը:

Տեղեկացնենք նաև, որ կանոնագրքի նախագծային տարբերակը քննարկվել է նաև Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի, ինչպես նաև միության անդամների, և մի քանի տասնյակ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտի բարելավման և կանոնակարգման վերաբերյալ վերջիններիս առաջարկները հիմնականում ևս ընդգրկվել են կանոնագրքում:

 

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031