Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմինե Զեյթունցյանը ծրագրել է, թե ինչպես զբոսաշրջիկներից ավելի շատ գումար «կորզել» (Տեսանյութ)

Մայիս 11,2017 16:53

«2013 թվականին անցկացված զբոսաշրջային հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ զբոսաշրջիկների մոտ 98%-ը Հայաստանից շատ գոհ ու երջանիկ է մեկնում, բայց մեկ դժգոհություն կա՝ Հայաստանի ճանապարհներն են»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նա ասաց, որ Համաշխարհային բանկի հետ իրականացնում են ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիրը, որը կմեկնարկի 2018-ին: Ծրագրում ներառված է զբոսաշրջային վայրերի հարեւանությամբ, ինչպես Զեյթունցյանն ասաց, հետաքրքիր կառուցվածքներ, ինֆորմացիոն կենտրոններ, զուգարաններ, նաեւ Հաղպատ-Սանահինը, Խոր Վիրապից մինչեւ Մեղրի ընկած ճանապարհահատվածը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելը:

Aravot.am-ի այն հարցին՝ Գառնիում՝ Քարերի Սիմֆոնիա կոչվող հատվածում շինարարություն է ընթանում, ըստ հրապարակումների, այդ հատվածում սրճարան է կառուցվում, արդյոք կոմիտեն տեղյակ է, կա՞ թույլտվություն, Զեյթունցյանը պատասխանեց, որ ինքն էլ այցելել է այդ տարածք, եւ քանի որ նշված հատվածը ներառված է ՀԲ-ի ծրագրում, զգուշացրել է, որ չշարունակեն շինարարությունը, քանի որ հետագայում այն կապամոնտաժվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր այն հարցին էլ՝ թե ի՞նչ կարծիք ունի կոմիտեի ղեկավարը պատմամշակութային հուշարձանների մոտ սրճարաններ կամ հանգստի գոտիներ կառուցելու մասին, Գառնիի տաճարի մոտ նախատեսվող սրճարանին շատ ընդդիմացողներ եղան, Զեյթունցյանն այսպես պատասխանեց՝ «Նման վայրերում հանգստի գոտի, ռեստորան, կաֆե ունենալը շատ կարեւոր է: Կառավարության նման ծրագիր էլ կա: Մեր նպատակն ինչն է՝ զբոսաշրջիկին հնարավորինս չափ երկար պահենք մեր երկրում, եւ կարող է կոպիտ հնչի, հնարավորինս չափ նրա ծախսած գումարի չափը ավելացնենք: Եթե այսօր զբոսաշրջիկը միջինը 700-800 դոլար է ծախսում, մենք ունենք հստակ ծրագիր, այդ գումարը հասցնենք 1000 դոլարի: Սա նշանակում է ՝ պետք է լինեն ենթակառուցվածքներ, որտեղ երկար ժամանակ հանգիստն անցկացնի ու հնարավորինս շատ ծախսի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Զեյթունցյանի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.23 %-ով, սա, ըստ կոմիտեի նախագահի, աննախադեպ աճ է:

«Մենք նպատակ ունենք մինչեւ այս տարեվերջ, շատ ամբիցիոզ է հնչում, բայց կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը: Այդ առումով հսկայական աշխատանք ենք տանում: 2016 թվականին էլ 2015-ի համեմատ 5.9 %-ով աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը: Այս տարի ամենաշատը Հայաստան եկել են Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Չինաստանից»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031