Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի կնոջը 200 հազար դոլար տված գյուղապետը ԱԺ պատգամավորի թեկնածու էր

Մայիս 22,2017 15:41

Բերդի տարածաշրջանի համայնքապետերից մեկից, այդ  համայնքում ծրագրեր իրականացնելու խոստումով, 200 հազար դոլար վերցնելու վերաբերյալ  մեր  հրապարակմանը «Ֆեյսբուքում»  արձագանքել, մեկնաբանել է տղամարդու անունով մի օգտատեր, որը կեղծ պրոֆիլ է, նա հավանաբար  այդ կինն է: Նա գրել է, որ Բերդի տարածաշրջանի այդ համայնքի մանկապարտեզը վերջերս տվյալ գյուղապետի կողմից վերանորոգվել է ու հավելել. «Եթե գյուղապետը կարող էր 200 հազար դոլար տալ մի կնոջ, որ վերջինս իրականացնի ծրագիր, ինքը կկատարեր ասֆալտապատումն ու վերանորոգումները»: Նա գրել է, որ կնոջ  կողմից նախկինում խարդախություններ չեն կատարվել, խարդախությունը  չի  ապացուցվել, դրանք  «որոշ մարդկանց ձեռքի սեւ գործն են, գործն անգամ դատարան չի հասել» : Նա մեզ հորդորել է. «Խնդրում ենք պարզել, թե ուր են գնացել պարոն գյուղապետի հազարավոր դոլարները, գուցե գյուղապետը ցանկացել է դառնալ ԱԺ պատգամավոր»:

Բերդի տարածաշրջանից նշված գյուղապետը ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների  ժամանակ եղել է ընդդիմադիր կուսակցություններից մեկի կողմից թիվ 13 ընտրատարածքում առաջադրված տարածքային  թեկնածու, ստացել է 68 ձայն: Ինչ վերաբերում է այդ կնոջն առնչվող, 2012-2013 թվականերին վերաբերող 5 միլիոն դրամի գործին, նշենք, որ այդ քրեական գործը փակվել է: Տվյալ  գործից տուժած  իջեւանցի  կինը 36-ամյա կնոջ դեմ  քաղաքացիական հայցով, գումարի բռնագանձման պահանջով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, հունիսի 5-ին նշված  գործով նիստ է նշանակված:

Իջեւանցի կնոջ կողմից գյուղապետից 200 հազար դոլար վերցնելու գործով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ներկայումս նյութեր են նախապատրաստվում, քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031