Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի պռոռուսական հանձնաժողովը

Մայիս 29,2017 16:15

Նորընտիր Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների կազմում կա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Այս հանձնաժողովի գործունեության ոլորտը ներառելու է Եվրոպական միության և Եվրախորհրդի հետ կապերը, Հայաստանի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումն ու այդ ոլորտները կարգավորող օրենքները: Մայիսի 20-ին այս հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 8 պատգամավորներ, որոնցից մեկը Ելք դաշինքից, երեքը՝ Ծառուկյան դաշինքից, իսկ չորսը՝ Հանրապետական կուսակցությունից:

Հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և դրա հետևանքով Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի անհնարինությունը, ինչպես նաև վերջին երկու տարիներին ԵԱՏՄ անդամակցության պատճառով Հայաստանում տնտեսական և քաղաքական հետընթացը՝ հարկ ենք համարում անդրադառնալ հանձնաժողովի անդամների արտաքին քաղաքական կուրսի դիրքորոշմանը:

2014թ. դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը (նախկին կազմով) քվեարկեց Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը կողմ՝ դրանով իսկ տապալեց Եվրոպական միության հետ ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու մեծ քար գցեց եվրոպական ինտեգրացիայի վրա: 2014 թվականի այդ վճռորոշ քվեարկությանը մասնակցած պատգամավորներից ոմանք կան նորընտիր ԱԺ-ի Եվրոպական հարցերի հանձնաժողովի կազմում: Մասնավորապես, ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Արտակ Սարգսյանը (հայտնի «SAS-ի Արտակ» մականվամբ) կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը:

Հանձնաժողովի չորրորդ ՀՀԿ-ական անդամը՝ Միհրան Հակոբյանը նախկին ԱԺ կազմում ընդգրկված չէր, սակայն հայտնի է իր հակաարևմտյան հայտարարություններով, իսկ իր ղեկավարած «Արարատ» հեռուստաընկերությունը աչքի է ընկել ռուսական քարոզչամեքենայի աջակցությամբ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով ներկայացնում է Ծառուկյան դաշինքը, ԵԱՏՄ անդամակցության քվեարկության օրը բացակա է եղել նիստից, իսկ նույն դաշինքից հանձնաժողովի մյուս երկու անդամները՝ Սարգսյան Լուիզան և Իսայան Շաքեն նախորդ գումարման Ազգային ժողովում չեն եղել: Նույն կերպ, նախորդ գումարման ԱԺ-ում չի եղել «Ելքից» Գևորգ Գորգիսյանը:

Ու թեև Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովում «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի անդամակցության քվեարկությանը չեն մասնակցել, սակայն նկատենք, որ այն ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով «կողմ» է քվեարկել դրան, իսկ այժմյան «Ելքի» առաջնորդներից Էդմոն Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը՝ դեմ:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում Եվրոպական հարցերի հանձնաժողովի կազմում ՀՀԿ-ական պատգամավորներն ունեն հստակ կողմնորոշում դեպի ԵԱՏՄ: Հանձնաժողովի նախագահի և Ծառուկյան դաշինքի տեսակետը ևս հստակ պրոեվրոպական չէ, իսկ Ելք դաշինքի միակ անդամ Գորգիսյան Գևորգը, եթե անգամ ունի հստակ պրոեվրոպական դիրքորոշում, ապա այս հանձնաժողովում նա, մեղմ ասած, փոքրամասնություն է:

Համենայնդեպս, զավեշտալի իրավիճակի ենք հանդիպել, երբ խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի կազմի մեծ մասը դեմ է արտահայտվել եվրոպական ինտեգրացիային:

Աննա Փամբուխչյան ,
«Իրազեկ քաղաքացիների միավորում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031