Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ռադիոընկերությունների առաջացման հնարավորություն կտրվի». Գագիկ Բունիաթյան

Մայիս 29,2017 20:08

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանության արժանացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության նախագիծը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ  Գագիկ Բունիաթյանի ներկայացմամբ. «Ներկայացվող նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակումների կանոնները, այդ թվում ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը… հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների առաջացման, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման որակի եւ քանակի բարձրացմանը, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում»,- ասաց պարոն Բունիաթյանը:

Պատգամավոր Արման Սաղաթելյանը նկատեց,  որ սահմանամերձ շրջաններում հայկական, թուրքական եւ ադրբեջանական ռադիոհեռարձակումների հարաբերակցությունը խիստ անհավասար է, այնտեղ հասանելի է միայն հանրային ռադիոն եւ մեկից ավելի թուրքական, ադրբեջանական, նաեւ պարսկական ռադիոհեռարձակումներ:

«Նաեւ անվտանգության խնդիր կա»,- շարունակեց Գագիկ Բունիաթյանը:

Նրա խոսքով, երբ հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացը մեկնարկեց, ռադիոընկերությունների թվայնացման մասին հստակ դիրքորոշում չեղավ, բայց գործընթացը սկսվել է. «Ճանապարհը դա է, ինչ-որ մի օր գալու ենք այդ ճանապարհին: Մեր մասնավոր ռադիոընկերություններն էլ են անցնելու թվային հեռարձակման, երեքից յոթ տարվա ընթացքում թվային հեռարձակումը հասնելու է նաեւ մեզ»:

Պարոն Բունիաթյանը բացատրեց նաեւ՝ ինչու է անհրաժեշտ ընդունել այս փոփոխությունները, որովհետեւ ըստ նրա. «Նախ՝ երեք հանրապետական ցանց բացելով՝ դաշտում առկա բացերը կլրացվեն, բացի դա տարեցտարի ռադիոընկերությունների լիցենզիաները երկարացնելով՝ դաշտը կարգավորելու խնդիր ունենք»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հետաքրքրվեց՝ մինչեւ ռադիոընկերությունների թվայնացումը սահմանամերձ շրջաններում թուրքական ու ադրբեջանական ռադիոհեռարձակումների վրա հակազդեցություն հնարավո՞ր է, պարոն  Բունիաթյանը պատասխանեց՝ գործընթացն արդեն սկսվել է:

Այս նախագծին հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն հավանություն տվեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031