Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Դիմորդների թիվը եւ հատկացված տեղերի թիվն այնպիսին է, որ ձեր միջին գիտելիքով կարող եք ընդունվել»

Հունիս 06,2017 10:51

Հունիսի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա գտնվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին՚ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում: Այս քննական կենտրոնում 158 դիմորդից 9-ը բացակա էր:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` ՀՀ-ում 5191 դիմորդ 29 կենտրոններում հանձնում է հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն: Արցախում գործելու է 5 քննական կենտրոն` հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունը կազմակերպելու համար: Արցախում կա շուրջ 700 դիմորդ:

Ինչ վերաբերում է նախորդ` կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաների քննությանը, բողոքարկման գործընթացը կկայանա հունիսի 8-ին: ԳԹԿ կենտրոնի հավաստմամբ, արդյունքները ավելի ցածր էին, նախորդ տարվա համեմատ, Կենսաբանություն առարկայից միջին միավորը 13, 7 էր, 20 միավոր ստացել են 59 հոգի: Բացակաների թիվը 100 է եղել: «Եթե բացակաները համարվեն հարգելի, հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կարող են գալ ԳԹԿ դիմում-հայտ լրացնել, հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում վերահանձնել»,- ասաց ԳԹԿ տնօրենը:

Պարզեցինք, որ քննական թեստերը դեռեւս տպագրվում են Լոնդոնում:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հաջողություն մաղթեց դիմորդներին: Նա հավաստիացրեց, որ յուրաքանչյուրը կստանա իր գիտելիքին համարժեք գնահատական. «Դիմորդների թիվը եւ հատկացված տեղերի թիվն այնպիսին է, որ յուրաքանչյուրդ ձեր միջին գիտելիքով կարող եք ընդունվել»,- նշեց Լեւոն Մկրտչյանը:

Aravot.am-ի հարցին, ինչու չկա՞ քննությունների հետ կապված նախկին իրարանցումը, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Կենտրոնացված համակարգը տարիների ընթացքում բերեց իր արդյունքը, յուրաքանչյուրը գիտի, որ իր գիտելիքին համարժեք գնահատական կստանա: Մենք, սակայն, ուրիշ խնդիր ունենք, բուհերը շատ են բողոքում, որ այն երեխաները, որոնք մասնագիտական նախընտրություն ունեն առաջին հայտով ձեւակերպված` հաճախ դուրս են մղվում բարձր միավորներ ստացածների կողմից, որոնք ուրիշ մասնագիտություն են ընտրել: Հնարավոր է, օրինակ, բարձր միավոր ստացած իրավաբանական ֆակուլտետի դիմորդը դուրս մղի պատմության ֆակուլտետի ավելի ցածր միավոր ստացած դիմորդին: Այս տարի մինչեւ հոկտեմբեր ամիսը նախատեսում ենք առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել, եւ ովքեր առաջին հայտով դիմել են ու դրական միավոր են ստացել՝ անցնեն, դրանից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում այլ դիմորդներ ընդունվեն: Իսկ ընդհանրապես շտեմարանային համակարգն արդյունավետ է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930