Լրահոս
Օրվա լրահոսը

Խանտի Մանսիյսկում մեկնարկել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիս 06,2017 18:30

Հունիսի 6-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի  29-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում, որը դեռևս վերջնական ձևավորված չէ, նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն) , Ջ. Բաղդասարյանը («ՀՀԿ» խմբակցություն),  Տ. Ուրիխանյանը («Ծառուկյան» խմբակցություն), Տ. Միքայելյանը («Ծառուկյան» խմբակցություն) , Է. Մարուքյանը («Ելք» խմբակցություն), Ա. Սարգսյանը(«Ելք» խմբակցություն), Ա. Միրզոյանը («Ելք» խմբակցություն), Ա. Վարդանյանը («ՀՅԴ» խմբակցություն)։ Ռուսական պատվիրակության կազմը որոշակիորեն նորացվել է ` աշնանը կայացած ՌԴ Դաշնության խորհրդի և Պետական դումայի ընտրությունների արդյունքում:

Նիստը վարել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի  միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը,   հայկական կողմից ` Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Ի. Վոլինկինը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վ. Տողանյանը, Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգային թեման եղել է `«Խորհրդարանի ազդեցությունն ու մասնակցությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, առաջընթացի և օժանդակության գործում»:

Հայկական կողմից ողջույնի խոսքով հանդես է եկել Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը և նիստի մասնակիցներին ու կազմակերպիչներին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորանքը` միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի մեկնարկի կապակցությամբ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է համագործակցության ամրապնդման և զարգացման երկկողմանի պատրաստակամությունը: Տիկին Նաղդալյանը իր խոսքում փաստել է, որ երկու  ժողովուրդների փոխհարաբերությունների խոր արմատներն այսօր ապահովում են հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացումը` բարեկամության, եղբայրության և փոխօգնության բազմադարյա ավանդույթների հիման վրա։ Ստեղծված է ծանրակշիռ իրավապայմանագրային հիմք, իրականացվում են ծավալուն ներդրումային ծրագրեր, ընդլայնվում են հումանիտար կապերը։

Զեկույցով հանդես է եկել Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի օրենսդիր մարմնի նախագահ Բ. Խոխրյակովը, ով տեղեկացրել է ՌԴ-ի այդ ինքնավար մարզի օրենսդիր և գործադիր  մարմինների կատարած ծրագրային քայլերի և գործողությունների մասին, որոնք հանգեցրել են մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

Նիստի քննարկումներին ակտիվ մասնակցել են ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, դեսպաններ Ի. Վոլինկինը և Վ. Տողանյանը: ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է հայկական կողմի նվաճումները տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման ոլորտում: Բանավեճի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտին օրենսդրական և գործադիր իշխանության աջակցության զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծմանն ու զարգացմանը, նաև` երկու երկրների նշված ոլորտի համագործակցության և առաջխաղացման հնարավորությունների ընդլայնման և այդ գործում խորհրդարանների մասնակցության խնդրին:

29-րդ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ծառայություններ, քաղաքացիների մասնակցություն քաղաքի, մարզի, երկրի կառավարման գործին, հանրության և իշխանության միջև փոխադարձ կապի ստեղծման և ընդլայնման հնարավորություն, կառավարման գործընթացների թափանցիկության բարձրացում, առողջապահական, կրթական, մշակութային ծառայությունների տրամադրման նոր միջոցներ և հնարավորություններ և այլն:

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակներում`  հունիսի 6-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ բոլորի համար» թեմայով կազմակերպված ցուցահանդեսին և ԲՐԻԿՍ-ի և ՇՕՍ-ի / Շանհայյան համագործակցության կազմակերպության/  երկրների 19-րդ միջազգային ՏՏ-ֆորումի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում հայ պատգամավորները հնարավորություն են ունեցել խոսելու համատեղ նախաձեռնությունների շուրջ,  ծանոթանալու այդ ոլորտի նորամուծություններին: Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև ոլորտի վտանգներն ու վնասները և դրանց հաղթահարման ուղիները: Քննարկմանը և դրան հետևած հարց ու պատասխանին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայկական կողմից ԱԺ պատգամավորներ` Տիգրան Ուրիխանյանը և Աղվան Վարդանյանը, ռուսական կողմից` Դաշնության խորհրդի անդամներ` Իգոր Չերնիշենկոն, Իրինա Ռոդնինան, և Ռաֆայիլ Զինուրովը:

Օրվա ավարտին ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930