Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գերհոգնած վարորդների երթեւեկը. «Ազգ»

Հունիս 09,2017 12:15

Պարզվեց, որ անցյալ շաբաթ Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ ավտոբուսի կողաշրջման համար որեւէ մեկը մեղավոր չէ: Հիշեցնեմ, որ անցյալ ուրբաթ օրը Երեւանի «Լամբադա» կամրջի մոտ 23 համարի «Բոգդան» մակնիշի ավտոբուսը կողաշրջվել էր, վարորդն ու 14 ուղեւորները ստացել են վնասվածքներ, եւ, փառք Աստծո, նրանք բոլորն այս պահին դուրս են գրվել հիվանդանոցից:

Ավտոբուսը, ինչպես հետո պարզվեց, եղել է սարքին վիճակում, իսկ կողաշրջվել է, քանի որ վարորդը երթեւեկության պահին ուշագնաց է եղել: Արդեն հիվանդանոցում նա պատմել է, որ առողջական խնդիրներ չունի, այդ օրն իրեն վատ չի զգացել եւ ինքն էլ չի հասկանում, թե ինչպես է կորցրել գիտակցությունը:

Այս դեպքի առնչությամբ, ինչպես արդեն նշեցի, որեւէ մեկը չի մեղադրվի, հետեւաբար պատժվի, քանի որ վարորդը մեղավոր չէ, որ գիտակցությունը կորցրել է, 23 համարի ավտոբուսի գծի սեփականատերը մեղավոր չէ, քանի որ ավտոբուսը սարքին է եղել, վարորդն էլ, ինչպես ինքն ու բժիշկներն են ասումՙ առողջ, իսկ տվյալ պահին, տվյալ ճանապարհի հատվածումՙ երթեւեկության մասնակիցները եւս մեղավոր չեն, քանի որ որեւէ մեկը չի բախվել հիշյալ ավտոբուսին եւ կամ վթարային իրավիճակ չի ստեղծել:

Բայց ինչ-որ մեկը մեղավո՞ր է… Մեր երթուղայինների ու ավտոբուսների վարորդներն աշխատում են օրը, առանց չափազանցնելու, 12 ժամՙ նվազագույնը: Կան գծեր, որոնք սկսում են աշխատանքը առավոտյան 7-ից, ավարտում գիշերը 12-ին: Սա նշանակում է, որ մեկ վարորդը օրական կատարում է 4-5-6 շրջան, ինչը, հասկանալի է, տասնյակ կիլոմետրեր են: Նրանք իհարկե ունեն փոխարինողներ, որոնց հետ փոխեփոխ վարում են մեքենան, բայց խնդիրն այն է, որ այդ փոխարինողները ոչ թե օրվա ինչ-որ ժամից են նրանց փոխարինում, այլՙ օրով: Ենթադրենքՙ այսօր մեկն է վարում, հաջորդը օրըՙ փոխարինողը, ընդ որումՙ սա լավագույն դեպքում, քանի որ մեր վարորդներին փոխարինում են 3-4-5 օրը մեկ, նույնքան օրով: Հիմա, կարո՞ղ է արդյոք թեկուզ առողջ մարդը օրական մի քանի հարյուր կիլոմետր մեքենա վարել առանց երկար դադարների, հանգստանալու, եւ այդպես մի քանի օր շարունակ, այն էլ վրա հասած այս շոգին: Եթե կարող է, ապա ինչո՞ւ, օրինակ, Ռուսաստան գնացող ավտոբուսները միշտ ունենում են երկու վարորդ, որոնք իրար փոխարինում են երթեւեկության ընթացքում: Չէ՞, որ մայրաքաղաքում մեկ օր աշխատած վարորդը ավելի երկար ու շատ է վարում, քան Երեւանից օրինակ Կրասնոդար տարածությունն է: Չմոռանանք նաեւ, որ Երեւան-Կրասնոդար ճանապարհին վարորդները սովորաբար չեն նյարդայնանում, ինչն անխուսափելի է մայրաքաղաքում երթեւեկության յուրաքանչյուր մասնակցի համար, մանավանդ եթե նա երթուղայինի վարորդ է:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930