Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանը Հայիթիի, Ալբանիայի ու Կոնգոյի շարքում է. ԱԺ-ում վարչապետին ներկայացրեցին արտագաղթի ցուցանիշը (Տեսանյութ)

Հունիս 21,2017 13:41

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե որքանով է հավակնոտ այն, որն է իրատեսական, որը՝ ոչ:

Կառավարությունը խնդիր է դրել 12 կետով նվազեցնել աղքատությունը. «Պաշտոնական տվյալներով՝ այսօր այն 30 տոկոս է: Մենք իրականում գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, որովհետեւ Հայաստանն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ, որոնք ունեն տարրական հացի խնդիր»:

Կառավարությունը նաեւ խոստանում է 5 տարվա ընթացքում 25 տոկոսով բարձրացնել աշխատավարձը, բայց միեւնույն ժամանակ բյուջեով գնաճը սահմանված է միջինը 4 տոկոս: Ու եթե աշխատավարձը բաշխենք 5 տարիների վրա՝ հաշվի առնելով գնաճը, պարզ կդառնա, որ որեւէ կերպ աղքատության խնդիրը չի լուծվի:

Այստեղ Նաիրա Զոհրաբյանը հիշեց նաեւ Վաչե Գաբրիելյանի ելույթը ԱԺ-ում 2013-ի հոկտեմբերին՝ աշխատավարձերի վերաբերյալ. «2014-ին նվազագույն աշխատավարձը արդեն պետք է լիներ 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին 62 հազար դրամ, 2017-ին՝ 70 հազար դրամ: Այս տարի արդեն մենք պիտի ունենայինք այն նվազագույն աշխատավարձը, ինչն ամրագրել են 2022-ի համար»: Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ որտե՞ղ է երաշխիքը, որ այս թվերն էլ չեն մնա թղթի վրա:

Անդրադառնալով արտագաղթին, Նաիրա Զոհրաբյանը շատ ցավոտ ուսումնասիրություն ներկայացրեց, որն արել է օրիգինալ «Գելափ ինթերնեյշընըլը»՝ աշխարհում տիրող միգրացիոն գործընթացների մասին. «Ըստ Գելափի, Հայաստանը 2013-2016-ին 7 նիշով վատթարացրել է իր իրավիճակը: 31 երկրների ցանկում Հայաստանը 8-րդ տեղում է»:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց այն երկրների ցանկը, որտեղից մարդիկ մազապուրծ ուզում են փախչել, առաջին տեղում Հայիթին է, երկրորդ տեղում՝ Ալբանիան, հետո՝ Լիբերիան, Կոնգոն, Դոմինիկյան Հանրապետությունը, 7-րդ տեղում Հոնդուրասն է եւ 8-րդ տեղում, ցավոք, Հայաստանն է: Բնակչության 47 տոկոսը պատասխանել է, որ եթե հնարավորություն ունենար՝ կարտագաղթեր Հայաստանից:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ քննադատեց կառավարության այն մոտեցումը, որ ներդրումներ անողին խոստանում են ՀՀ քաղաքացիություն տալ: Այդ դրույթը, ըստ նրա, աշխատում է Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, բայց ՀՀ քաղաքացի լինելը մոտիվացիա չէ՝ ներդրում անելու համար: Ներդրում անողներին խանգարում է այն, որ այստեղ կա ատկատ, փայ մտնել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930