Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեինք, որ մեզ բացակայում էր երկու էլեմենտ՝ ռեստորան եւ ջրասուզակներ». ԱԺ-ում հեգնում են Արմեն Ամիրյանին

Հունիս 21,2017 18:22

«Մշակույթը զենք է»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել էր վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանն անդրադարձավ մեր այդ զենքին եւ բավականին ուշագրավ ելույթ ունեցավ: Նա հիշեցրեց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել էր՝ ամեն օր ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքը ավելի լավ է ապրում, ժողովուրդը կլսի կառավարության խոստացած ներդրումների մասին եւ ասել էր, որ կառավարությունը արագ քայլերով պետք է առաջ գնա, ինչպես որ ՀՀԿ-ի տեսահոլովակում թմբկահարում է վարչապետը: Մինչդեռ ընտրություններից հետո առաջին գաղափարների մասին, որ լսեցինք, այն էր, որ Օպերայի եւ բալետի շենքում ռեստորան են ուզում սարքել եւ Հայաստանին անհրաժեշտ է ջրասուզակների թանգարան. «Չգիտեինք, որ ազգային մշակույթը պահպանելու եւ բարելավելու համար մեզ բացակայում էր երկու էլեմենտ՝ ռեստորան եւ ջրասուզակներ»,- Ամիրյանին հեգնեց պատգամավորը:

Նա խոսեց հանրային դժգոհությունների մասին, Ամիրյանի արձագանքների մասին. «Հիշում եմ, որ ելույթներն այնքան թեժացան, որ Կոմիտաս վարդապետը ելույթ ունեցավ եւ ասաց՝ այն մարդիկ, որոնք չեն ուզում, որ ռեստորան լինի օպերայի եւ բալետի շենքում, երեւի չգիտեն, թե ինչ բան է լիբրետտոն եւ երբեւիցե չեն եղել «Աի Լեոնի»  ռեստորանում, որովհետեւ դա պետք է լինի այդ կարգի ռեստորան: Կարելի էր համաձայնել սրա հետ, եթե մենք ապրեինք մի երկրում, որտեղ մշակութային էլիտա կոչվածը ունենար արժեք»: Ըստ պատգամավորի, մեր մշակութային էլիտան գիտի, թե ինչ բան է լիբրետտոն, բայց չունի սոցիալական պայմաններ՝ այցելելու «Աի Լեոնի»  ռեստորան, որովհետեւ մշակույթի ոլորտի, գիտության, բուհերի ուսուցիչների աշխատավարձի եւ «Աի Լեոն» ռեստորանի ճաշացանկի գնացուցակն անհամադրելի են:

Պատգամավորն ասաց, որ շատ կուզենար կառավարության ծրագրում տեսներ մի բան՝ ազգային արժեքների վերաբերյալ եւ այն երիտասարդների մասին, որոնք ունեն այնքան ներուժ՝ հետագայում ազգային արժեք դառնալու. «Սա բիզնես ծրագիր է, գրված է բիզնես ոլորտի եւ IT ոլորտի համար: Այնպիսի տպավորություն է, որ այս ծրագիրը միայն զբոսաշրջիկների համար է գրված: Ես զբոսաշրջության դեմ ոչ մի բան չունեմ, բայց արդյո՞ք ազգային մշակութային ծրագիրը ազգի ներկայացուցչին չպետք է հաշվի առնի»:

Լուիզա Սարգսյանը խոսեց նաեւ գրավաճառության մասին. «Շատ լավ է, որ գրքերի խանութներ ունենաք, բայց եթե սա այդքան արդի հարց է, կառավարության անդամները Երեւանի փողոցներով քայլում են, Կամերային թատրոնի մոտ տեսնո՞ւմ եք գրավաճառությամբ ովքեր են զբաղվում եւ այդ գրքերն ինչ արժեք ունեն: Այսօր գրավաճառությամբ զբաղվում է այն հատվածը, որն այդ գրքերի կարդացողն է: Չկարդացողը այդ գրքերը չի առնելու, իրեն չի հետաքրքրում: Այսօր գրավաճառությամբ զբաղվող մարդիկ երկրի մտավորականներն են, որոնք իրենց տներից հանել են Սունդուկյան, Ստենդալ, Բալզակ ու վաճառում են այդ գրքերը»:

Լուիզա Սարգսյանն ասաց, որ հնի ոչ մի պահպանում այս ծրագրում չի տեսնում, վաղուց մշակութային էլիտան երկրի հասարակական-քաղաքական կյանքից ետ է մղվել: Գեղարվեստական խորհուրդ անգամ չունենք ու երբ ասում են՝ օպտիմալացում արվի, էֆեկտիվությունը կորոշենք, պարզ չէ, թե ո՞վ է որոշելու էֆեկտիվությունը, եթե չկա գեղարվեստական խորհուրդ, ինչպե՞ս են որոշելու՝ աչքերի գույնով, ծանոթ-բարեկամով:

Իր ելույթի վերջում Լուիզա Սարգսյանը վարչապետին հիշեցրեց, թե ինչ է ասել նա քարոզարշավի ժամանակ, որ իր քաղաքական թիմը բանիմաց, նոր երիտասարդ թիմակիցներով է համալրվել, բայց այդ թիմը սիմբիոզ է. «Հիմա հայցեմ ձեր եւ գործընկերներիս ներողամտությունը եւ հանրության համար պարզաբանեմ, որ սիմբիոզը փոխհարաբերություններ են, որոնց ընթացքում երկու կամ ավելի մարդ իրենց դրսեւորում են ամբողջություն եւ լիարժեք չեն օգտագործում իրենց կարողությունները, ձեռք են բերում պաթոլոգիկ կախվածություն: Եթե դուք իսկապես որպես ժառանգություն ընդունել եք այդ քաղաքական սիմբիոզը, ՀՀ քաղաքացին էլ ի՞նչ ապագա պետք է ունենա, ուրեմն սրանից 5 տարի հետո «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կդառնա գլխավոր քաղաքական շենքը եւ մենք էլ այստեղ անելիք չենք ունենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Մշակույթը կործանում է այդ տղան….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930