Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցողին կարգից զրկում են, թոշակը կտրում

Հուլիս 03,2017 13:30

Փոխարենը խոստանում են բուժել ու նորմալ կյանքի վերադարձնել

Գոհար Մանուկյանն ամեն օր շտապօգնություն է կանչում: Խեղդվում է, մինչեւ շտապօգնությունը չի գալիս ու չի սրսկում՝ տիկին Գոհարն ուշքի չի գալիս: Եվ այդպես ամեն օր: Նրա մոտ բրոնխիալ ասթմա է, ալերգիկ բնույթի: Երեք տարի է՝ Գոհար Մանուկյանը 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ, այս տարի, երբ ներկայացել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (ԲՍՓ), հանձնաժողովը որոշել է, որ նրա հիվանդությունը նույնությամբ մնացել է, եւ 2-րդ կարգը դարձրել է 3-րդ: Նրա խոսքով՝ խախտվել է բուժօգնություն ստանալու իր իրավունքը, քանի որ ինքը ոչ թե ավել 2 հազար դրամ ստանալու համար է բողոքում, այլ ի վնաս իրեն կարգի փոփոխությամբ հիվանդանոցային ծառայությունից անվճար օտվելու ու նայեւ դեղորայք ստանալու հնարավորությունից է զրկվել: Գոհար Մանուկյանը Վեդիի բնակիչ է: Նրա խոսքով՝ երկու-երեք ամիսը մեկ հիվանդանոց էր պառկում, վիճակը փոքր-ինչ թեթեւացնում, սակայն հիմա շտապօգնության հույսով է: Թոշակով ու նպաստով է ապրում, երկու անչափահաս երեխաներ ունի եւ, ինչպես ինքն է ասում, առողջական խնդիրների պատճառով նույնիսկ որդիների խնամակալությամբ չի կարողանում զբաղվել:

Տիկին Գոհարը մեկն է այն հարյուրավոր քաղաքացիներից, որը տուժել է կառավարության բարեփոխումից: Այս տարվա հունվարից Հայաստանի կառավարությունը հաշմանդամության սահմանման չափորոշիչները փոփոխել է, ինչի արդյունքում, 5 ամսվա տվյալներով, 3-րդ խմբի հաշմանդամություն չի ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների շուրջ 25 տոկոսը: 690 անձ բողոքարկել է հանձնաժողովի որոշումը, եւ նրանցից 8-ի պարագայում է միայն փոփոխություն եղել:

Կառավարության պատասխանատուները չափորոշիչների փոփոխությունը պայմանավորում են միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելով, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելով ու առողջապահական ծառայությունները առավել նպատակային դարձնելով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանը նշում է, որ նախեւառաջ գնահատվելու են առողջապահական հիմնարկի կողմից ուղեգրված քաղաքացու կարիքները, եւ այդ կարիքին համապատասխան էլ ծառայություն է մատուցվելու: Այն անձինք, ովքեր հաշմանդամության կարգ ստանալու ենթակա չեն լինելու, սակայն ունենալու են բուժօգնության կարիք, պետությունն ամեն ինչ անելու է ֆունկցիայի խանգարումը վերականգնելու, որպեսզի մարդը վերադառնա բնականոն կենսագործունեության: Ըստ կառավարության պատասխանատուների՝ այս նախագծի նպատակներից մեկն էլ պետության գումարներն արդյունավետ ծախսելն է:
Երեկ Գոհար Մանուկյանի դեպքը մատնանշելով՝ Անուշ Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ամսվա մեջ 30 օր շտապօգնություն կանչող քաղաքացին արդյոք տնտեսապես վնաս չի՞ տալիս պետությանը, եթե կարող էր մի քանի ամիսը մեկ հիվանդանոցային բուժօգնություն ստանալ եւ առողջական վիճակն էլ ավելի չբարդացնել:

«Հաշմանդամության սահմանման կարգը, որը մշակվել է, եւ կառավարությունը հաստատել է, որեւէ մեկ պաշտոնյայի իրավունք չի տրվում այդ կարգը խախտելու, եւ որեւէ մեկին էլ իրավունք չի տրվում անձի իրավունքը խախտելու: Այսինքն` հաշմանդամությունն այսօր սահմանվում է, եթե անձն ունի վնասվածք, խեղում, որը տեւական բուժման արդյունքում հանգեցրել է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարման եւ կենսագործունեության խանգարման: Այդ տիկնոջը սահմանվել է հաշմանդամության 3-րդ խումբ, որը, գործող կարգի համաձայն, իրեն հասնում է: Նրան նախկին տարիներին հաշմանդամության 2-րդ խումբ է սահմանվել, քանի որ նա ուներ շնչական անբավարարության արտահայտված խանգարում: Իսկ բուժման արդյունքում նրա մոտ ֆունկցիան դարձել է չափավոր աստիճանի, ֆունկցիան վերականգնման հատկություն ունի: Իսկ կառավարության որոշման համաձայն՝ չափավոր ֆունկցիայի խանգարման դեպքում անձին սահմանում են հաշմանդամության 3-րդ խումբ, հետեւաբար նա ամեն օր շտապօգնություն կանչելու կարիք չունի: Իրեն բուժող բժիշկը գրել է, որ ֆունկցիայի խանգարումը չափավոր աստիճանի է: Մենք չենք կարող այդ փաստաթղթերը կեղծել եւ անձի ցանկությունը կատարել: Պետք է օրենքով կառավարության որոշման կարգի սահմաններում որոշում կայացնել»,- պարզաբանեց տիկին Սիմոնյանը: Ըստ նրա՝ այս բարեփոխումները ԲՍՓ համակարգում սկսվել են դեռ 2014 թվականից. «Հայաստանի Հանրապետությունում ներդրվելու է ֆունկցիաների միջազգային դասակարգչի հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդել:

Շուտով հանգուցալուծման կհանգի: Միջազգային չափանիշի մեջ սկզբունքը դրված է անձի կարիքի գնահատում եւ այդ կարիքին համապատասխան ծառայությունների մատուցում, այսինքն` նպատակային է դառնում այդ ծառայությունների մատուցումը: Այդ շրջանակներում 2013 թվականին մշակվել են մեթոդական ուղեցույցներ 11 հիվանդությունների վերաբերյալ, որոնք ավելի հաճախակի են հանգեցնում հաշմանդամության: Սակայն ժամանակի ընթացքում բժշկագիտության զարգացման, նոր չափանիշների մոտեցման անհրաժեշտություն առաջացավ` անընդհատ կատարելագործել եւ նոր հիվանդությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցներ պատրաստել: Այդ շրջանակներում 2017 թվականի հունվարին այդ աշխատանքները կատարվեցին, եւ մայիսին նախարարի հրամանով ամրագրվեց մեթոդական ուղեցույցը, որտեղ ներառվեց եւս մեկ հիվանդություն: Հաշմանդամության սահմանման կառավարության չափորոշիչը դեռեւս փոփոխության չի ենթարկվել, սակայն մեթոդական ուղեցույցի պարզեցման պարագայում բժիշկ փորձագետների կողմից կիրառվում է միատեսակ մոտեցում, այդ շրջանակներում արդեն հստակեցվեց, թե հիվանդությունների արդյունքում առաջացած օրգանիզմի ֆունկցիայի գնահատումը պետք է կատարվի միատեսակ եւ այդ չափանիշներով, որը ամրագրված է նոր ուղեցույցով»:

Ըստ տիկին Սիմոնյանի՝ հիվանդության, ֆունկցիայի գնահատումից հետո պետք է գնահատվի կենսագործունեության սահմանափակման տեսակը եւ աստիճանը, եւ երբ այդ երեք բաղադրիչները գնահատվում են, անձը կարող է հաշմանդամ չճանաչվել, որովհետեւ դրանցից մեկի բացակայության դեպքում կառավարության որոշումը թույլ չի տալիս այդ անձին հաշմանդամ ճանաչելու: «Այսինքն՝ ինչ է ստացվում. անձն ունի այդ հիվանդությունը, ասենք` սրտային, բայց նրա ֆունկցիան տեւական բուժման կամ դեղորայքային, վիրահատական միջամտության արդյունքում կա՛մ մասնակի, կա՛մ լրիվ վերականգնվել է, հետեւաբար եթե վերականգնվել է ֆունկցիայի խանգարումը կամ դարձել է առաջին աստիճան, դա չի բերում կենսագործունեության որեւէ տեսակի, որեւէ աստիճանի սահմանափակման, եւ այդ անձը հաշմանդամ չի ճանաչվում»,-պարզաբանում է Անուշ Սիմոնյանը: Ըստ նրա՝ այն անձինք, ովքեր այսօր հաշմանդամության խմբեր չունեն, այդ անձանց մոտ ֆունկցիան լրիվ վերականգնվել է. «Տարիներ առաջ սոցիալական քաղաքականությունն այլ է եղել, այսօր բոլորովին փոխվել են պահանջները: Մեր դիմաց դրված է խնդիր մարդու կարիքը գնահատելու, որպեսզի այդ կարիքին համապատասխան ծառայություն մատուցվի: Ի՞նչ վատ բան եք տեսնում դրա մեջ»:

Նա նաեւ ասաց, որ նախագծի կարեւոր բաղադրիչ է վերականգնողական անհատական ծրագիրը. «Նշանակություն չունի՝ անձը հաշմանդամ է, թե ոչ: Նրանք երկուսն էլ օգտվելու են իրենց կարիքին համապատասխան:

Եթե այսօրվա դրությամբ այդ ծրագիրը իրականացվում է միայն հաշմանդամ ճանաչված անձի նկատմամբ, ապա դրանից հետո այդ ծրագիրը կիրականացվի այն անձանց նկատմամբ, որոնք փորձաքննությամբ հաշմանդամ չեն ճանաչվել, սակայն նրանք կարիք ունեն դեղորայքային կամ ստացիոնար բուժման կամ այլ օգնության: Սրանով ավելի նպատակային է լինում, եւ ուղղորդվում են անձի կարիքները: Այսինքն` եթե նա հիվանդություն ունի, որը բուժման կարիք ունի, ուրեմն նա այդ բուժումը կստանա, նրա ֆունկցիան չի խանգարվի, եւ այդ մարդը հետագայում հաշմանդամ չի դառնա: Այս փոփոխությունը շատ շուտով տեղի է ունենալու»:

Տիկին Սիմոնյանի տվյալներով՝ հինգ ամսվա կտրվածքով 25 հազար 664 անձ է փորձաքննվել, որից հաշմանդամություն է սահմանվել 19 հազար 767 անձի նկատմամբ: Առողջապահական կազմակերպություններից ուղեգրվել են,
5 հազար 406 մարդ, սակայն նրանցից հաշմանդամ չի ճանաչվել հազար 114 անձ: Ըստ Անուշ Սիմոնյանի՝ այսինքն` այդ հազար 114 անձինք, որոնք կարիք կունենան վերականգնողական անհատական ծրագրի, նրանց նկատմամբ այդ ծառայությունը կմատուցվի:

«Առավոտի» հարցին` ուսումնասիրություն կա՞, թե կարգից զրկված քաղաքացիների քանի՞ տոկոսն է անցել աշխատանքի, նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Երբ նրանք գալիս են փորձաքննություն անցնելու, վարչական վարույթով կան կետեր, որտեղ լրացվում են` անձը ունի՞ զբաղմունք, աշխատանք, ի՞նչ մասնագիտություն ունի եւ այլն: Այդ անձանց մեծ մասը ե՛ւ զբաղմունք ունի, ե՛ւ աշխատանք»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

01.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31