Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը շատ լավ գիտի՝ մենք նշանառու կրակն անպատասխան չենք թողնում»

Հուլիս 07,2017 20:00

ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահը պնդում է՝ ադրբեջանցիներն այսօրվա հարձակումը իրենց ժողովրդին կներկայացնեն զոհված երեխայի վրեժը լուծելուն ուղղված գործողություն:

«Ադրբեջանական կողմը շատ լավ գիտի, որ մենք նշանառու կրակն անպատասխան չենք թողնում, միշտ պատասխանում ենք, իսկ տվյալ դեպքում նշանառու կրակ՝ այն էլ հրետանուց, հրթիռներ արձակվել էին հայկական դիրքերի ուղղությամբ, եւ բնական է, որ պետք է կրակակետերը ճնշելու նպատակով պատասխան կրակ բացվեր, իսկ թե ինչու են նրանք եւ ոչ առաջին  անգամ իրենց կրակակետերը տեղադրում բնակավայրերին շատ մոտ, այստեղ սադրանքի նմանություն կա, սադրանք, որովհետեւ պատասխան կրակից  կարող են քաղաքացիական բնակիչներ տուժել, ինչը նրանց վայնասուն բարձրացնելու առիթ կտա»,-Aravot.am-ին ասաց ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական կողմից հայկական դիրքերի հրետակոծմանը:

Հիշեցնենք, որ երեք զինծառայող ունենք վիրավորված:

Մեր հարցին՝ ադրբեջանական գործողություններն ինչքանով կապ ունեն նախորդ օրը ադրբեջանցի երեխայի զոհվելու դեպքի հետ՝ նկատի ունենալով, որ շատ կարծիքներ եղան, որ Ադրբեջանը երեխայի մահվան վրեժը կլուծի, պարոն Հարությունյանը պատասխանեց.

«Իրենց համար որեւէ նշանակություն չունի երեխայի կյանքը, եթե իրենք երեխայի կյանքի մասին մտածող լինեին ու մարդասիրական մղումներով առաջնորդվեին, այն վայրագությունները, որոնք արեցին 90-ականներին, չէին շարունակի 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ սպանեցին  Թալիշի մեծահասակ, անօգնական ծեր բնակիչներին, Մարտունու շրջանում երեխայի: Այդ ամենը արդեն իսկ պետք է միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատականի արժանացած լիներ»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների արձագանքին՝ շփման գծում առկա լարվածությանը, որով կոչ էր արվում երկու կողմերին վերադառնալ բանակցային սեղան՝ պարոն Հարությունյանից հետաքրքրվեցինք, այս անգամ այդ հայտարարությունները ազդեցություն կունենա՞ն, ի պատասխան ասաց.

«Բանակցություններ եղան ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում կոնկրետ պայմանավորվածություններ ձեռքբերվեցին, մտադրություն արտահայտվեց, որ սահմանում իրավիճակը վերահսկելու համար ուժեղացվելու է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ դիտարկման սարքեր են տեղադրվելու, որոնք հնարավորություն կտան որոշելու՝ որ կողմն է  խախտում  իրականացրել, փոխանակ նոր կոչեր ու հայտարարություններ ընդունելու, ավելի լավ է ընդունված որոշումներն իրագործվեն, եւ այդ դեպքում արդյունքն ավելի ռեալ կլինի: Միայն հայտարարություններն ու կոչերը ամենեւին արդյունավետ չեն: Վաղուց է հասունացել Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառման խնդիրը: Բնականաբար, ադրբեջանցիներն այսօրվա հարձակումը իրենց ժողովրդին կներկայացնեն որպես պատասխան հարված, երեխայի վրեժը լուծելուն ուղղված գործողություն, միջազգային հանրության մոտ եւս մեկ անգամ կշեշտվի՝ հայկական կողմը քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի պատճառ է դարձել, բայց սկզբնաղբյուրը այդ բոլոր իրադարձությունների, ողբերգական դեպքերի, Ադրբեջանն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31