Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս երեխաներին ու ընտանիքին վտարում են իրենց բնակարանից

Օգոստոս 02,2017 15:48

Երեւան քաղաքի Նոր-Նորք, Հովհաննիսյան փողոցի, 12 շենքի, թիվ 35 հասցեում բնակվող Անժելա Բալյանը, նրա որդին, հարսն ու մանկահասակ երկու թոռները վախով սպասում են օգոստոսի 7-ին`ժամը 11-ին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներն իրենց վտարելու են իրենց իսկ սեփական բնակարանից:

Aravot.am-ի հետ զրույցում Անժելա Բալյանը վրդովված նշեց, որ առանց իրենց տեղյակ պահելու՝ իրենց բնակարանը ԴԱՀԿ որոշմամբ վաճառվել է: Ընդ որում, ԴԱՀԿ-ն վտարումը կասեցնելու որոշում է կայացրել մինչեւ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը, սակայն այդ ընթացքում ԴԱՀԿ-ն գաղտնի նոր որոշում է կայացրել ու վաճառել բնակարանը:

Նշենք, որ Անժելա Բալյանը բաց նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին, ՀՀ Արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Ա. Հարությունյանին:

ԴԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «պարտապաններն արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու որոշման մասին պատշաճ ծանուցվել են պատվիրված ծրարով: Ավելին, համապատասխան որոշումը նրանց է հանձնվել նաև առձեռն, ինչը հաստատված է վերջիններիս ստորագրություններով»:

Անժելա Բալյանը պատմեց, որ իրականությունն այնպես չէ, ինչպես ներկայացված է ԴԱՀԿ հաղորդագրությունում և մանրամասնեց. «Հարկադիրը սուտ է ասում: Մենք ընդհանրապես փաստաթուղթ էլ չենք ունեցել: Երբ իմացել ենք բնակարանի վաճառքի մասին, արագ դիմել ենք վարչական դատարան, որ անվավեր ճանաչվի էլեկտրոնային աճուրդը, վարչական դատարանն էլ պահանջել է, որ փաստաթուղթ ներկայացնենք: Ստիպված հասել ենք Սիսիանի հարկադիր, այն էլ հազիվ ստացել ենք այդ փաստաթուղթը դիմումի հիման վրա շատ խնդրանքներից հետո»:

Անժելա Բալյանը վստահեցրեց, որ ինքը բակից գումար չի վերցրել, այլ ընդամենը գրավատու է. իր տունն են գրավ դրել. «Նշեմ, որ Իշխան Միրզոյանը դատարանի վճռով հանդիսանում է պարտապան և բանկին շուրջ 32 000 ԱՄՆ դոլար պարտք ունի, գրավադրված է իր սեփական գույքը, ինչպես նաև ունի իր անունով գրանցված շատ անշարժ գույք, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի, Սիսիանի բաժանմունքի հարկադիր կատարողները` փոխարենը որպես պարտապան սկզբում վաճառեին Իշխան Միրզոյանի գույքը պարտքի դիմաց, անմիջապես հանցավոր համաձայնության գալով` Իշխան Միրզոյանի հետ գաղտնի վաճառել են իմ` Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեի տունը ծիծաղելի էժան գնով: Ամուսինս` համասեփականատեր, մահացել է, իսկ մյուս աղջիկս երեխայի հետ Գերմանիայում է»:

Տիկին Բալյանը պատմեց, որ հունիսի 20-ին, երբ դիմել են ՀՀ Վարչական դատարան,  ՀՀ Վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, և հիմնավորել է, որ հայցվորը ներկայացրել է վիճարկման հայց և միաժամանակ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի համաձայն` Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն, ըստ էության, լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Ուստի Անժելա Բալյանը հայցի ապահովումը մերժելու մասին որոշումը ներկայացրել է ԴԱՀԿ և խնդրել վտարումը անվավեր ճանաչել, քանի որ հուլիսին պիտի վտարեին: Եվ կասեցվել է, բայց 20 օր անց ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գ. Հովհաննիսյանը կայացրել է որոշում ընտանիքին օգոստոսի 7-ին վերստին վտարել Երևան քաղաքի Նոր-Նորք Հովհաննիսյան փողոցի 12 շենքի թիվ 35 հասցեից:

Տիկին Բալյանն ասաց, որ այս որոշումից հետո երեխաները չեն ուտում, չեն քնում, անգամ մեկը հիվանդացել է: Այնուհետև վրդովվեց. «Հարկադիրն ի՞նչ իրավունք ուներ իմ գույքը վաճառել փոխանակ վաճառելու պարտապանների գույքը: Ընկել եմ իմ ընտանիքի հետևից, մինչդեռ դատարանի որոշումը կար վտարումը կասեցնելու մասին, ինչո՞ւ 20 օր հետո նորից վտարման որոշում ընդունեց ԴԱՀԿ-ն»:

Մեր հարցին` ո՞րն է այս պահին ընտանիքի պահանջը, Անժելա Բալյանը պատասխանեց. «Մեր պահանջն այն է, որ մեզ չվտարեն մեր բնակարանից մինչև դատարանի վճռով հարցի լուծումը, քանի որ ապրելու այլ տեղ, ֆինանսական միջոցներ չունենք ու գտնվում ենք սոցիալապես ծանր վիճակում»:

Տեղեկացնենք, որ ընտանիքը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի բնակարանի ապօրինի վաճառքի վերաբերյալ քրեական գործ հարուցվի: Նաև ՀՀ վարչական դատարանում սեպտեմբերի 13-ին` ժամը 12.00-ին, նշանակված է գործով դատաքննություն և նախնական դատական նիստ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031