Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը Գյումրիում փոքր-ինչ բարկացավ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2017 20:15

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե բոլոր նախարարների հետ աշխատանքային փակ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում։ Այն տևեց բավական երկար, մասնակցում էին ինչպես մարզպետարանի բոլոր վարչության պետերն, այնպես էլ համայնքապետեր, հ/կ ներկայացուցիչներ, գործարարներ։

Մոտ 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը մարզպետարանի միջանցքում պատասխանեց իրեն այդ ամբողջ ընթացքում սպասող լրագրողների հարցերին։

Կառավարության ղեկավարը, սակայն, այս անգամ շատ ժլատ էր իր պատասխանների մեջ։ Լրագրողները, վարչապետին հիշեցնելով, որ շուտով կլրանա իր պաշտոնավարման մեկ տարին, խնդրեցին ասել, թե այդ ընթացքում ի՞նչ փոփոխություններ հաջողվեց անել, ի՞նչ ծրագրեր ու անելիքներ կան։ «Բազմաթիվ բաներ, եթե երեկվա կառավարության նիստը տեսել եք, մենք հանձնարարել ենք, հենց մի տարին լրանա, յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն հաշվետվություն կտա, ես էլ կտամ»,-ասաց պարոն Կարապետյանը։

Թե 2018 թվականին ո՞վ կլինի Հայաստանի վարչապետը, պարոն Կարապետյանն ասաց, որ բազմիցս խոսել է այդ թեմայով։ «Թույլ տվեք չկրկնվել»,- կարճ կապեց նա։

Կառավարության ղեկավարը խոսեց նաև «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի վերանորոգման աշխատանքների մասին, ասաց, որ իրենց առջև խնդիր են դրել մինչև հոկտեմբերի 1-ն ավարտել այն։ Ու թեև, ըստ նրա, հնարավոր է և չհասցնեն, սակայն «Կումայրիի» ծրագիրն անպատճառ իրականացնելու են։ «Մենք պետք է ֆիքսենք, որ Գյումրու նման ներուժ զբոսաշրջության համար, այդպիսի կետեր չունենք, Գյումրին ուղղակի ունիկալ է, և մենք հետևողականորեն այդ ծրագիրը շարունակելու ենք»,-ասաց կառավարության ղեկավարը։

Aravot.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե որևէ մի գործարար հետևե՞լ է իր օրինակին «Կումայրի» արգելոցի կառույցներից որևէ մեկը գնելու ու տուրիզմը զարգացնելու համար սպասարկման մի հետաքրքրիր օբյեկտ դարձնելու առումով։ «Այո»,- ասաց վարչապետը, մենք խնդրեցինք անուններ հրապարակել, սակայն պարոն Կարապետյանը նպատակահարմար չգտավ։

Ճեպազրույցի վերջում վարչապետը պատասխանեց նաև այն մտահոգություններին, որ Հայաստանը ի վիճակի չէ ավարտին հասցնել «Հյուսիս-Հարավ» ծրագիրը։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 556 կմ-ից կառուցվել է 31 կմ՝ ծախսվելով 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո։ Վարչապետը, սակայն, հայտարարեց, որ հարցականի տակ չի դրվում այդ ծրագիրը, անպատճառ անելու են։

Կարեն Կարապետյանն ու նախարարները մարզապետարանից ուղևորվեցին Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Ռուսթավելու փողոց, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կապված Գյումրու կենտրոնը տուրիզմի վերածելու վարչապետի ծրագրի հետ։ Նա եղավ նաև իր ընտանիքի կողմից գնած «Ջրահարս» ռեստորանի շենքում, շրջեց փողոցում ու որոշակի դիտողություններ արեց շինարարներին։

Վարչապետը նույնիսկ կանգնեց ու բնակիչներից մեկին հարցրեց, թե շա՞տ են ձեզ անհանգստացնում։

Վարչապետին դուր չէր եկել հիմնովին վերանորոգվող փողոցի ու մայթերի միջև եղած անհամաչափությունը, որն անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար։ Նա պարբերաբար կանչում էր պատասխանատուներին, դիտողություններ անում, երբ փորձում էին հակառակը պնդել, նեղված արձագանքում էր՝ «Լավ, էլի»։

Վարչապետը շինարարներից մեկին էլ գյումրու բարբառով նետեց․ «Ասում եք ամեն ինչ կռնամ, ու չի ստացվում»։ «Կստացվի, կստացվի»- վարչապետին փորձեց համոզել զրուցակիցը։

«Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Մելիքյանն էլ, որը ֆուտբոլի մոլի սիրահար է, մոտեցավ Ռուսթավելի փողոցով քայլող վարչապետին ու հարցրեց․ «Ի՞նչ եք կարծում այսօր Հայաստանի ազգային հավաքականը կկրի՞ Ռումինիային»։ Վարչապետն արձագանքեց․ «Հայաստանը միշտ կրելու է»։

Ռուսթավելի փողոցից լրագրողներին հրաժեշտ տալով՝ Կարեն Կարապետյանը նստեց մեքենան ու հեռացավ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930