Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք՝ արգելե՞նք Ռուսաստանին, ասենք՝ դո՞ւրս արի զենքի շուկայից»

Սեպտեմբեր 06,2017 10:56

Իշխանական պաշտոնյաները՝ մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Թուրքիային ու Ադրբեջանին զինելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում մամուլի ասուլիսում խոսելով Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման մասին՝ ուշագրավ հայտարարություն էր արել. «Զենքի մատակարարումը հակամարտության գոտի չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը»: Այս հայտարարությունը երեկվանից սոցցանցերում հարցադրումներ է առաջացնում, թե՝ դուք, զենք վաճառելով Ադրբեջանին, Արցախի հակամարտության լուծման ու հաշտեցման օգտի՞ն եք դա անում:

«Առավոտի» հետ զրույցում խոսելով մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին, Թուրքիային հարձակողական զենք, C-400 հրթիռային համակարգեր վաճառելու մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք պետք է ոչ թե զինամթերքի առեւտրի հետ կապված առանձին մոտեցում ունենանք, այլ մեր խնդիրը պետք է լինի շատ հստակ՝ մենք ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություններ՝ համատեղ մեր անվտանգությունը, պաշտպանությունն ապահովելու: Դրանից բխում են Ռուսաստանի կողմից լուրջ պարտավորություններ, որ նա պետք է իրականացնի: Մենք միասնական անգամ հակաօդային պաշտպանության տարածքի մեջ ենք, այսինքն՝ մեր խնդիրը պետք է լինի ՌԴ-ից պահանջել, որ ինքը հարգի իր իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդքան բան: Մենք չենք կարող ասել՝ դու, Ռուսաստան, ուրիշներին զենք չպիտի վաճառես: Հիմա դա մի քիչ այլ դաշտ է տեղափոխում խնդիրը: Իսկ եթե ինքը մեզ տա այնքան բավարար միջոցներ, որը պարտավոր է անել այդ պայմանագրերով, որ մենք մեր անվտանգությունը երաշխավորված զգանք, ում ինչ զենք ուզում է՝ թող վաճառի»:

Հարցին՝ բայց նորմա՞լ է, որ մեր ռազմավարական գործընկերը նման քայլ է անում, Ռուստամյանը պատասխանեց. «Եթե մեր անվտանգությունն ապահովում է՝ միեւնույն է: Էդ ռազմավարական գործընկերը, բնականաբար, ինքն իր աշխարհաքաղաքական շահերն ունի, բայց մեր թշնամիներն էլ, եթե նա զենք չվաճառի, մի տեղից դա կգնեն, եթե ուզում են Հայաստանի դեմ դա ուղղել: Մեր խնդիրն այն է, որ իրենք զգան, որ Հայաստանի դեմ ուղղելն անհեռանկար է: Այդտեղ է ՌԴ-ի դերը, որ նա ինչ ուզում է՝ թող վաճառի, բայց մեր պաշտպանությունը չթուլանա, մեր անվտանգությունը պետք է բարձրացվի: Պարզ խոսքով՝ իքս աստիճան բարձրացավ մեր թշնամու զինատեսակների մակարդակը, մերը պիտի X+Y բարձրանա, որ կարողանանք կանխել, որ դա մեր դեմ չլինի»:

Մեր հարցին՝ այդքանը մենք կարո՞ղ ենք պահանջել Ռուսաստանից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դա պարտավոր է անել ՌԴ-ն հենց այդ պայմանագրերով»:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը մեզ հետ զրույցում հարցին՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ մեր ռազմավարական գործընկերը շարունակում է զենք մատակարարել մեր հակառակորդներին, պատասխանեց. «Ի՞նչ անենք՝ արգելե՞նք Ռուսաստանին, ասենք՝ դո՞ւրս արի զենքի շուկայից»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ դա զուտ դիտարկում եք այնպես, որ իրենց բիզնեսն է, թող առեւտո՞ւր անեն, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, ես դիտարկում եմ այնպես, որ մեզ մտահոգում է մի հանգամանք, որ Ադրբեջանը սպառազինվում է, այդ թվում նաեւ մեր գործընկերների կողմից, եւ սա մտահոգում է»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ «Երբ որ վաճառքի պրոցեսը գնում էր, մենք մեր կարծիքը արդեն հայտնել ենք, եւ մենք քննադատաբար ենք մոտենում, որ մեր ռազմավարական գործընկերը եւ մեր մի ընտանիքի անդամ գործընկերը նման լարված իրավիճակում կարող է զենք վաճառել մեր հակառակորդին: Դա մեզ համար անընդունելի է: Իսկ ինչ մնում է վտանգի մասին, եթե այդ զենքը չլինի, նրանք նմանատիպ զենքեր շատ են գնում, միշտ վտանգը կա, եւ վտանգից մենք չենք խուսափում»:

Մեր հարցին՝ նախկինում ասում էիք՝ իրենց գործն է, իրենց բիզնեսն է, թող ծախեն, բա հիմա ինչո՞ւ եք քննադատաբար մոտենում եւ ասում, որ դա անընդունելի է, ի՞նչ է փոխվել՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում: Եթե նայում ենք բիզնեսի աչքերով, իրոք, դա բիզնես է, որը իրենք կատարում են: Բայց մենք այլ տեսանկյունից ենք նայում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք եւ գործ ունենք մարդու կյանքի եւ մեր անվտանգության հետ»:

Հարցին՝ ռուսական այդ զենքը կարծում եք կուղղվի՞ մեր դեմ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ուղղվեց՝ պատասխանը կտրվի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930