Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու գործով կալանավորված դատավորը սրտի հետ կապված խնդիրներ ունի

Սեպտեմբեր 07,2017 19:03

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի՝ կաշառքի գործով դատական նիստի սկզբին Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալն իրեն լավ չի զգում, մեկուսարանից նրան արյան բարձր ճնշմամբ են դատարան բերել:

Նիստը նախագահող դատավորը` ի պատասխան փաստաբանի հայտարարության՝ առաջարկեց նիստը սկսել, ընթացքում, եթե Բարսեղյանն ավելի վատ իրեն զգա, կորոշեն՝ «Շտապ օգնություն» հրավիրեն, թե՝ոչ:

Դատարանը «Շտապ օգնություն» հրավիրելու որոշում ընդունեց միայն փաստաբանների առարկություններից հետո: Հիշեցնենք, որ նախորդ նիստին Բարսեղյանի համար կրկին «Շտապ օգնություն» էին հրավիրել, ինչը նախագահող դատավորին դուր չէր եկել:

«Շտապ օգնության» աշխատակիցները Իշխան Բարսեղյանին հետազոտելուց հետո արձանագրեցին արյան բարձր ճնշում, բայց դատական նիստը չհետաձգվեց: «Շտապ օգնության» աշխատակիցը դատարանում հայտնեց, որ Իշխան Բարսեղյանի մոտ հայտնաբերվել են սրտի հետ կապված խնդիրներ, անհրաժեշտ է հետազոտություն հիվանդանոցում եւ երկարատեւ բուժում:

Փաստաբանը հետաքրքրվեց՝ եթե դատական նիստ տեղի չունենար, ինչ կառաջարկեր, աշխատակիցը պատասխանեց՝ անպայման հոսպիտալացում, սակայն դատարանը՝ Իշխան Բարսեղյանի համաձայնությամբ, որոշեց շարունակել նիստը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930