Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ընտրություններից անցել է մեկ տարի

Հոկտեմբեր 02,2017 22:30

Մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանք նախորդներից տարբերվեցին նրանով, որ այն կազմակերպվեց Երեւանի մոդելով: Վանաձորում համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրություններով ձեւավորվեց համայնքի ավագանին: Քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Սակայն կարծես թե նոր ընտրակարգի փորձը Վանաձորում եւ Գյումրիում հաջողության չհասավ: Եթե Գյումրիում մի որոշակի ժամանակ անց իրավիճակը ուղղվեց եւ ավագանու նիստերն արդեն տեղի են ունենում բոլոր խմբակցությունների անդամների ներկայությամբ, ապա Վանաձորում պատկերն այլ է: Այստեղ ընտրություններից մեկ տարի է անցել, սակայն ընդդիմադիր ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները շարունակում են բոյկոտել նիստերը:

Այսօր «Մեդիա կենտրոնը» կազմակերպել էր քննարկում՝ «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ եւ գնահատականներ» թեմայով։ Հանդիպմանը եկել էին Հայաստանի Հանրապետական եւ Լուսավոր Հայաստան խմբակցությունների ավագանու անդամները:

«Մենք այդպես էլ չտեսանք այն մեծամասնությունը, որի միջոցով ու ձեռամբ քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Որեւէ մեկը չի վիճարկում Մամիկոն Ասլանյանը ընտրվել է, թե՞ ոչ: Այլ վիճարկում է ավելի շատ այն, թե արդյո՞ք այն մեծամասնությունը, որն անհրաժեշտ է ունենալ քաղաքը ղեկավարելու համար, ունի տվյալ կուսակցությունը կամ տվյալ իշխող միավորը: Որովհետեւ մենք գործ ունենք նաեւ երկու կուսակցությունների համատեղ կառավարման հետ»,- ասում է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանն ասում է, որ թեեւ օրենքը թույլ է տալիս առանց ընդդիմադիրների ներկայության նիստեր գումարել, այնուամենայնիվ իրենք զգում են վերջիններիս աջակցության կարիքը. «Շատ ցանկալի կլիներ, որ մյուս խմբակցություններն էլ, որոնք չեն մասնակցում, մասնակցեն նիստերին, սակայն առայժմ ունենա այն ինչ ունենք: Նիստերը տեղի են ունենում, որոշումներն ընդունվում են: Ես կրկին անգամ շեշտեմ, որ եթե մյուս խմբակցությունները լինեին, եւ լիներ փոխադարձ, կառուցողական երկխոսություն, շատ ավելի կարեւոր ու արդյունավետ կլիներ որոշումները: Ես անձամբ զգում եմ այդ պակասը»:

Այս մեկ տարվա ընթացքում ավագանու նիստերն անցնում են միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների ներկայությամբ: Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հայկազ Սիմիկյանը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «Դուք իսկապես համարում եք, որ կեսից քիչ ավագանիներով դուք որոշումներ եք կայացնում: Թեկուզ եւ օրենքը գրված է, բայց դա համարում եք նորմա՞լ՝ քաղաքը ղեկավարելու համար»:

«Մեր գործողությունները բխում են օրենքից: Այստեղ, իհարկե, խնդիրներ կարող են լինել, ես որպես քաղաքացի այդպես եմ դիտարկում, բայց օրենքը գործում է եւ մենք ենթարկվում ենք օրենքին: Այստեղ ես այլընտրանք գործողությունների մեջ չեմ տեսնում»,- հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Այժմ «Լուսավոր Հայաստանը» սպասում է այս ամսվա վերջին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին, որի ընթացքում քննարկվելու է առանց ընդդիմադիրների կայացած նիստերի օրինական չլինել չլինելու հարցը:

«Սահմանադրական դատարանով հանգուցալուծման սպասելուց բնականաբար ոչ մեկը չի պատկերացնում կամ չի ակնկալում, որ չորս տարի եւս պետք է բոյկոտել նիստերը, որովհետեւ այդ բոյկոտը ինքնանպատակ չի, եւ հստակ քայլեր ու նպատակներ ունի իր առաջ դրված: Բոլորս ենք ակնկալում, որ կլինի այդ հանգուցալուծումը եւ մենք դրանից հետո կունենանք այլ իրավիճակ»,- ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031