Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը չի հեռացվել մեր կազմակերպությունից. Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը

Հոկտեմբեր 06,2017 22:22

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովան Բուխարեստում մասնակցել է Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI) գլխավոր վեհաժողովի նիստին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի օմբուդսմենի աշխատակազմի հայտարարությունը, վեհաժողովին «կանխվել» է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի ելույթը:

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն իր դժգոհությունն է արտահայտել Մելիքյանի նախորդ ելույթների կապակցությամբ, որոնք «անջատողական ռեժիմին աջակցելու կոչեր են պարունակել»:

Ադրբեջանական ԶԼՄ-երի փոխանցմամբ՝ նիստի մասնակիցները, լսելով Սուլեյմանովայի բողոքները, «որոշել են զրկել Մելիքյանին Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտին անդամակցությունից»: Ավելի ուշ EOI-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունը՝ հորդորելով ուղղել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ Մելիքյանն իբրև թե զրկվել է կառույցին անդամակցելու իրավունքից Սուլեյմանովայի պահանջով:

Կազմակերպության կայքում հրապարակված տեղեկատվությունում մասնավորապես նշվում է, որ EOI-ն հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ միջազգային կազմակերպություն: Կազմակերպության անդամներ են հանդիսանում գերատեսչական կամ մասնավոր կառույցներ, ինչպես նաև մասնակիցներ, որոնք համապատասխանում են կանոնադրության նորմերին։ Իսկ Արցախի տարածքում գործող օմբուդսմենի կառույցը EOI-ում գրանցված է որպես անհատ մասնակից։

Յոզեֆ Սիգելը նշել է, որ EOI-ն քաղաքական խնդիրներ չի շոշափում, զերծ է քաղաքական ազդեցությունից, իսկ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի անկախ կառույցը կազմակերպությանն անդամակցում է ավելի քան 14 տարի: Նա նաև ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Մելիքյանը քաղաքական հայտարարություն չի արել, այլ օբյեկտիվորեն ներկայացրել է երեխաների իրավունքների վերաբերյալ հարցեր՝ առանց քաղաքական ենթատեքստի:

«Այս կապակցությամբ գլխավոր քարտուղարը հայտարարում է, որ Ադրբեջանի օմբուդսմենի աշխատակազմի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը շահագրգռված է միայն մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ ոչ թե քաղաքական հարցերով: Մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում, իսկ յուրաքանչյուր ոք, ով ամեն ինչ անում է դրա համար, կարող է ազատ արտահայտվել առանց որևէ քաղաքական ենթատեքստի»,-ասվում է կառույց գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չի արձագանքել EOI-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031