Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից և գույքահարկից պետք է ազատվի:
Այժմ գործող կարգավորումներով էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և Հայաստանի տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Քանի որ այս մեքենաները էկոլոգիապես մաքուր են եւ պետք է դրանց ներմուծման ծավալները խթանել, վարչապետը հանձնարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը:
Նա ասաց, որ աշխատանքները պետք է տարվեն՝ հաշվի առնելով նաև ԵՏՄ կարգավորումները: Այս գերատեսչությունները վերոնշյալ խնդիրն ուսումնասիրելուց հետո կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնեն առաջարկություններ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ