Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին. ԵՊՀ ուսխորհուրդը չի կիսում ցուցարարների կարծիքը

Նոյեմբեր 11,2017 11:11 Share

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության 10.11.17թ.-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասինե օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը:

Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը:

Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին և չտրվել տարատեսակ սադրանքների:

Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները:

Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ:

Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ:

Բոլորին հորդորում ենք հեռու մնալ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների անունների շահարկումներից: ԵՊՀ Ուսանողական խորհրդի շարքերում կան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ, ովքեր իրենց արիությամբ կանգնեցրել են թշնամու գրոհը, ում կողքին զոհվել են ծառայակից ընկերներ, և անընդունելի է նման բանավեճում մեր զոհված ընկերների հիշատակը շահարկելը:

Մենք շատ լավ գիտակցում ենք պատերազմի և խաղաղության գինը: Հասկանում ենք բանակում ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակելու նշանակությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ծառայությունից հետո՝ համալսարանում սովորելու ընթացքում, հայրենիքի կանչով կամավոր ճակատ մեկնելու և հետո դա քաղաքական կարիերայի դրոշակ չդարձնելու գինը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, և խնդիրը լուծել հարգալից, միմյանց լսելու, առողջ բանավեճի, տարընթերցումներն ու տարըբռնումները քննարկելու միջավայրում:

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու, ուսանողական ցույցերն ու երթերը կուսակցական և նեղ խմբային շահերին ծառայացնելու ցանկացած դրսևորումներից:

Մենք հարգում ենք ուսանողական նույն աթոռներին նստող մեր ընկերների կարծիք հայտնելու ազատությունը և պատրաստ ենք պաշտպանել նրանց իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930