Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին պայմանագիրը՝ նշելով, որ իրենք Հայաստանին երբեք ընտրության առաջ չեն կանգնեցրել:
«Մեր հարևաններին ու դաշնակիցներին մենք միշտ վերաբերում ենք որպես մարդկանց, որոնք ունեն կյանքի և արտաքին քաղաքականության նկատմամբ իրենց հայացքները: Մեր հարևաններն ինքնիշխան պետություն են, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցներին: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումներ, դա միանգամայն բնական է 21-րդ դարում: Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին ընտրության առաջ չենք կանգնեցրել՝ ում հետ եք դուք՝ «մե՞զ հետ, թե՞ նրանց»: Բայց մենք իրավունք ունենք ապավինել դաշնակցային հարաբերությունների գերակայությանը: Բացի այդ, տարբեր ձևաչափերով, այդ թվում ԵՄ «Արևելյան գործընկերության» ձևաչափով ստորագրվող համաձայնությունները չպետք է խախտեն այն պարտավորությունները, որոնց շուրջ մենք արդեն համաձայնություն ունենք»,- ասել է Կարասինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ