Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնի Մելիքյան. «Նախագահի այցը Վրաստան կարող է բեկումնային դառնալ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 27,2017 14:36

Վրացագետ Ջոնի Մելիքյանը նախագահ Սերժ Սարգսյանի այցը դրական եւ կառուցողական է գնահատում: Այսօր «Արմենպրեսի» մամուլի ակումբում նա ասաց. «Նախադրյալներ կան, որ այս այցը կարող է բեկումնային դառնալ»: Նկատեց`բազմակողմանի հանդիպումներ եղան`թե տնտեսական, թե անվտանգության ոլորտները ներառող. քննարկվեց գրեթե այն ամենն, ինչ կա միջպետական հարաբերություններում: «Սակայն, շատ բան կախված է վրացական կողմի արձագանքներից»,- հավելեց վրացագետը:

Ինքը դրական է գնահատում, որ անցնող տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 24 տոկոսով աճել է: Ընդգծում է`հիմնականում արտահանումն է աճել, ներմուծումը նվազել է: Նաեւ անցնող տարում Վրաստանը 7 միլիոն միջազգային այցելու է ունեցել, 1,5-ը Հայաստանից, իբրեւ զբոսաշրջիկ: Ֆինանսական արտահայտությամբ, ասում է, սա վրացական կողմի համար կարեւոր ցուցանիշ է:

Ջոնի Մելիքյանը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար ընդգծում է տարանցիկ երկրներ հանդիսանալու միասնական ծրագրի իրականացման կարեւորությունը: Ասում է`կարեւոր էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը`համատեղ գործարաններ ստեղծելու մասին: Կարծում է, որ դա պետք է հետաքրքրի վրացական կողմին, քանի որ ԵԱՏՄ շուկան կարեւոր է իրենց համար, իսկ ԵԱՏՄ-ում իրենց ամենամոտ երկիրը Հայաստանն է:

Վրացագետն էական է համարում նաեւ միջազգային ատյաններում միմյանց դեմ քվեարկելու պրակտիկային վերջ դնելը: Այդ մասին էլ խոսեց նախագահ Սարգսյանը: Հիշում է` նման պայմանավորվածություն կար 1990-ականներից, դա խախտվեց Միխայիլ Սահակաշվիլու իշխանության տարիներին: Եվ միջազգային ատյաններում միմյանց դեմ քվեարկելը հաճախ միջպետական հարաբերություններում խութեր էր ստեղծում:

«Չգիտեմ քննարկվել է, թե`ոչ, բայց շատ լավ կլիներ սահմանների դեմարկացիոն աշխատանքներն ավարտելը: Վրաստանը գծված սահման այսօր ունի միայն Թուրքիայի հետ»,- ասաց բանախոսը`հավելելով. «2018-ը հայ վրացական հարաբերություններում կարող է լինել նոր մոտեցումներով եւ նոր էներգիայով լի տարի»:

Հայ- վրացական հարաբերությունները դիտարկելով ՀՀ-ԵՄ նոր ստորագրված համաձայնագրի համատեքստում էլ ասաց`չի կարծում, թե դա շատ բան է փոխելու:

Վրացագետն անդրադարձավ նաեւ Լարսին այլընտրանք հանդիսացող ճանապարհներին, մասնավորաբար, աբխազական երկաթգծի գործարկման հնարավորություններին: Կարծում է, որ հայկական կողմի դերն այն պետք է լինի, որ գործընթացն առանց նախապայմանների լինի:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով Ջավախքի խնդիրներին էլ, նկատեց`սոցիալական խնդիրները կան Վրաստանի այլ շրջաններում էլ. «Կարող է հայկական կողմը ասի, որ որոշ ներդրումներ կանի, եւ այլն, բայց դրանք Վրաստանի ներքին խնդիրներն են, ավելին չենք կարող»:

Ի դեպ, բանախոսը կարեւորում է այն, որ Վրաստանի նոր սահմանադրությամբ վրացական կողմը Վրաստանի քաղաքացիությունից չի կարող զրկել երկքաղաքացիներին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031