Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է: Այսօր հարցաքննվեց Պավել Մանուկյանը: Երբ պաշտպանական կողմը Մանուկյանին հարցրեց, թե կա՞ մեկը, որին կարող ենք որպես վկա ներգրավել, որւ տեղյակ է գործից, գիտի, թե իրականում ինչ է կատարվել՝ Պավել Մանուկյանը պատասխանեց, որ այս երկրում մեկը կա, որ ամեն ինչից տեղյակ է, այնպես որ կարող են այդ մեկին կանչել՝ Սերժ Ազատի Սարգսյանին:
Ավելի ուշ պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց՝ վկայակոչելով Պավել Մանուկյանի խոսքերը, դատարան հարցաքննության կանչել Սերժ Ազատի Սարգսյանին:
Մեղադրող կողմը հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ նրա՝ գործի հանգամանքներին տեղյակ լինելու վերաբերյալ գործում փաստեր չկան:
Բացի նախագահից, պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին որպես վկա դատարան կանչել Հասմիկ Էվոյանին, Աշոտ Պետրոսյանին, Քերոբ Ղազարյանին, Կարո Եղնուկյանին, որոնց հայտնի են Սեֆիլյանի քաղաքական գործունեության, մարտական ուղու մասին տեղեկություններ: Դատավորը որոշեց, որ տվյալ գործով վկայի դատավարական կարգավիճակ կարող են տալ այն դեպքում, երբ հաստատվում է քրեական գործով պարզման ենթակա որեւէ հանգամանք. «Մինչ այս պահը հետազոտվել են քրգործում առկա բոլոր ապացույցները Հասմիկ Էվոյանի, Աշոտ Պետրոսյանի, Քերոբ Ղազարյանի, Կարո Եղնուկյանի կողմից որեւէ փաստ ի հայտ չի եկել»:
Դատավորն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործունեության, մարտական ուղու մասին մեղադրանքում չկա, ուստի ներկայացված միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































