Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալի կարգավիճակով հարցաքննվեց Պավել Մանուկյանը: Նա խոսեց Սեֆիլյանի մարտական ուղու, նրա քաջագործությունների մասին, թե ինչպես է թշնամու դեմ առաջ մղվել, այն դեպքում, երբ շուրջը ասֆալտի վրա նկարվողներ են եղել. «Պետք է շարժվեինք առաջ, Ժիրոն ասաց՝ վախկոտները եւ տկարները շարքեն դուրս գան: Մի հոգի դուրս եկավ՝ վախկոտ եւ տկար, ձեռնափայտով, իբր վատ, հետո մարզպետ դարձավ: Պատերազմը այնպիսի բան է, վախի մասին պիտի ասեմ, նույն այդ վիճակն այսօր վերեւներում է, երբ պատերազմ պիտի լինի՝ գնդակների տարափի տակ, բան, բնականաբար ոմանց մոտ սրտխառնոց, հետ տալ, ոմանց մոտ նույնիսկ հղիության ախտանիշներ են ի հայտ գալիս: Իսկ ես իմ անվեհեր հրամանատարի մոտ նշույլ անգամ չեմ նկատել տարակարծության, որ հաղթանակը մերն է լինելու»:
Պավել Մանուկյանն ասաց, որ Սեֆիլյանն իր անձնական օրինակով է ցույց տվել. «Այդ օրերին բոլորն իրենց կանանցից բաժանվում, փախնում էին, Սեֆիլյանի պես խենթ ու խելագարը կարար ամուսնանար ու կնոջն էլ բերեր Ղարաբաղ: Նույնը ես եմ արել 92-ին»:
Անդրադառնալով մեղադրանքին՝ Պավել Մանուկյանը տոնը բարձրացրեց՝ «Դուք էդ ինչի՞ մեջ եք մեղադրում այս մարդուն, ինչի՞ մեջ եք մեղադրում մեզ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել, ո՞ւմ տեղն եք դրել ձեզ, դուք մարդակերությունից պրծել եք, անցել եք աստվածակերության եւ Աստված ձեզ հաստատ չի ներելու»:
Հարցին՝ պատրաստվե՞լ եք հարձակվել զորամասի վրա, հեռուստաաշտարակը գրավել եւ այլն, տեղյա՞կ եք այդպիսի գործողություններից, 300 հազարանոց խումբ է ունեցել Սեֆիլյանը, ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը պատասխանեց. «Նենց հարց եք տալիս, գրբացի մոտ էլ տանեք՝ էս հարցից գլուխ չի հանի, էս ի՞նչ եք լղոզում: Հեռուստաաշտարակը դուք գիտեք, որ աղբ է, այնտեղ ի՞նչ կա գրավելու կամ վերցնելու»:
Ըստ նրա, Արարատին նետած քարերի են արդեն նմանվում՝ նման անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով:
Մեղադրող կողմը հարցրեց, թե ինչո՞ւ էին ոտքի կանգնելու, փողոց դուրս գալու կոչեր հնչում ապրիլի 24-ին հենց՝ Պավել Մանուկյանը պատասխանեց՝ «քո համար ի՞նչ տարբերություն, մեր երկրում ամեն օր էլ ապրիլի 24 է»:
Հարցին՝ ձեր պայքարի միջոցները որո՞նք էին՝ նա պատասխանեց. «Ամեն բան, որ Սահմանադրությունը վերականգնվի՝ բողոքի ակցիա»:
Երբ հարցաքննությունն ավարտվեց, Պավել Մանուկյանը ցանկացավ ելույթ ունենալ, դատավորը թույլ չտվեց, ասելով, որ հարցաքննությունն ավարտված է, Պավել Մանուկյանն էլ հեռացավ՝ ասելով. «Էս ի՞նչ եղավ, եղավ հանդիպում սառցե թագուհու եւ ասպետի հա՞»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































