Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լավություն անելով՝ իր անձնագիրը տվել է ուրիշին եւ հայտնվել մեղադրյալի աթոռին

Փետրվար 22,2018 21:21

Արման Մելքոնյանը 2017թ. հունվարի 20-ին բնակչուհի Կ.Խ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,վերջինիս գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով կատարել է ավազակային հարձակում: Ա. Մելքոնյանը դրանից հետո փորձել է հեռանալ Հայաստանից:

2017թ. փետրվարի 1-ին Աշոտ Աղաջանյանը Դիլիջան քաղաքում հանդիպել է ընկերոջը`Արմեն Հակոբյանին: Վերջինս պատմել է,որ իր մտերիմներից մեկը հանկարծակի ծագած գործերը կարգավորելու համար պետք է մեկնի ՀՀ-ից, սակայն անձնագրի հետ կապված խնդիրներ ունի:

Արմեն Հակոբյանը Աշոտ Աղաջանյանին խնդրել է իր ընկերոջը փոխանցելու համար իրեն հանձնել իր ՀՀ քաղաքացու անձնագիրը, քանի որ իր ընկերը Ա. Աղաջանյանին նման է եւ այդ անձնագրի օգնությամբ կարող է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը : Նույն օրը Ա. Աղաջանյանը չմերժելով Ա. Հակոբյանի խնդրանքը՝ ՀՀ անձնագրերի եւ վիզաների վարչության Դիլիջանի անձնագրային ծառայությունում իր ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելով`այն հանձնել է Ա. Հակոբյանին:

Արման Մելքոնյանը 2017թ. փետրվարի 2-ին ՀՀ –ն լքելու նպատակով նախապես ձեռք բերելով իրավունք վերապահող կեղծ պաշտոնական փաստաթուղթ` Աշոտ Աղաջանյանի անվամբ, սակայն իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծված անձնագիր, այն անձամբ օգտագործելով, «Գոգավան» հսկիչ-սահմանային կետում փորձել է անցնել ՀՀ պետական սահմանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել`բռնվելով ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Հանցակցություն պետական սահմանն ապօրինի հատելու փորձին»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`Ա. Աղաջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը մեկնարկել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, 2018թ. հունվարի 22-ին ըստ ընդդատության ուղարկվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ քրեական գործով դատավարությունը նշանակված է վաղը`փետրվարի 23-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728