Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսի եղբայրական այցը՝ Վատիկան

Ապրիլ 05,2018 18:17

Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ապրիլի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և  Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը:

Հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի մասնակցությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը:

2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերվել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում: Վատիկանի պարտեզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

Էկումենիկ արարողության ընթացքում հնչեցին Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցվեց հատված Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից, որի ժամանակ տիար Միքայել Մինասյանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետև Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից հետո հովվապետերը աղոթքով հայցեցին սրբի բարեխոսությունը:

Արարողությանը նաև ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, աշխարհասփյուռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ։

Օրվա ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Ս. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30