Իշխանությունը գրեթե վերցրած ընդդիմությունը երեկ տապալեց ՍԴ անդամի թեկնածու Էմիլ Բաբայանի ընտրությունը։ «Ելք»-ն ու «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը հայտարարեցին, որ Բաբայանի թեկնածությունը, որ առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի է ունենում իրավական ընթացակարգերի խախտումներով։ Կարճ ասած՝ ընդդիմությունն արդեն իշխանական տարերքի մեջ է ու փորձում է օգտագործել իր դեռեւս չստանձնած լծակներն ըստ ճաշակի։ Մինչդեռ, նույն «ընթացակարգային խախտումներով» նրանք մեկ ամիս առաջ ընտրեցին Հայր Թովմասյանին՝ որպես ՍԴ անդամ, ապա նաեւ՝ ՍԴ նախագահ։ Այն ժամանակ թեպետ «Ելք»-ն ու «Ծառուկյանը» դեմ քվեարկեցին Թովմասյանի թեկնածությանը, բայց չբոյկոտեցին, ընթացակարգային խախտումների մասին չբարձրաձայնեցին, իսկ Էդմոն Մարուքյանն էլ քննադատության անվան տակ անգամ թեթեւ «դիֆերամբներ» ձոնեց Սահմանադրության հերն անիծած Թովմասյանի հասցեին։
Բայց նա, միեւնույն է, 64 ձայնով ընտրվեց ՍԴ նախագահ։ Իսկ Էմիլ Բաբայանի դեպքում կողմ ձայներն ընդամենը 53-ն էին, դեմ էին երեք հոգի, ըստ երեւույթին՝ ՀՅԴ-ական պատգամավորները։ Մինչդեռ անհրաժեշտ էր նվազագույնը 63 ձայն՝ պատգամավորների թվի 3/5-ը։ Այս անգամ ՀՀԿ-ին չօգնեց երբեմնի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, էլ չասենք, որ իրենց պատգամավորներից էլ բացականեր կային։ Ու ընդդիմությունն օգտվեց այս իրավիճակից եւ ցույց տվեց իր «ուժը»։
Պատճառաբանությունը մոտ երեք տասնյակ ՀԿ-ների հայտարարությունն էր, որով առաջարկում էին Արմեն Սարգսյանին հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, քանի որ նրա թեկնածությունն առաջադրվել էր առանց մրցույթի։ Բաբայանը, հիշեցնենք, պետք է զբաղեցներ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը։
Ընդդիմության այս կամակոր պահվածքը զայրացրել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանին, ում «մարդն» է համարվում Էմիլ Բաբայանը (վերջինս դատախազությունում Կոստանյանի տեղակալն է եղել)։
«Եթե Սահմանադրական դատարանի անդամի ներկայացման կարգը, որն այս դեպքում նախագահի կողմից է եղել, սահմանվել է Սահմանադրությամբ, այսինքն՝ ֆորմալ իրավականության տեսանկյունից ոչ մի սահմանադրականության կամ օրինականության խնդիր չկա, բայց եթե մեր գործընկերներն ասում են, որ տեղի է ունեցել ընթացակարգի պրոբլեմ, իսկ ընթացակարգը հազար տոկոս Սահմանադրությանը համապատասխան է, հետաքրքիր է՝ որ վաղը հանրապետության նախագահն այլ թեկնածու ներկայացնի, էս մեր գործընկերներն ի՞նչ են անելու։ Եթե իրենց լոգիկայով գնաս, ուրեմն պիտի Սահմանադրություն փոխես, որ ՍԴ անդամ ներկայացնես»,- ասաց Կոստանյանը։
Ավելի մանրամասն`«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































