«Եթե ոստիկանը քաղաքացիական հագուստով է, կարող է լինել օպերատիվ մարմնի աշխատակից, այլ բան է, որ իրավախախտումը կանխելիս ոստիկանը պարտավոր է ներկայանալ, ցույց տալ ծառայողական վկայականը: Եթե լինեն, օրինակ, զանգվածային անկարգություններ, ֆիզիկապես անհնար կարող է լինել ներկայանալը»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» շարժման բազմամարդ ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների մասին ցուցարարների ահազանգերին, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա խոսեց նաեւ դեպքի մասին, երբ բժշկական դիմակներով մոտ երկու տասնյակ անձինք ծեծում էին մի ցուցարար-տղայի. «Ոստիկանությունը չի գտել այդ ցուցարարին՝ իրավիճակը հասկանալու համար: Կհորդորեմ այդ ցուցարարին դիմել ոստիկանություն: Իհարկե, Ոստիկանությունն ինքը պետք է նախաձեռնող լինի, բայց իմ տեղեկություններով՝ դեռ ոչինչ չեն նախաձեռնել»: Ինչ վերաբերում է Էրեբունի համայնքում դիմակավորված երիտասարդների՝ ցուցարարների եւ լրագրողների վրա հարձակմանը, ապա այդ գործով եւս, Աթանեսյանի փոխանցմամբ, մեղադրյալ-կասկածյալ չկա:
Այդ դեպքից տուժածներին եւս փաստաբանը հորդորեց գնալ ոստիկանություն եւ պահանջել, որ քննություն կատարվի: Հարցին՝ «Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ հատուկ միջոցների կիրառումը որքանո՞վ էր իրավաչափ», Տիգրան Աթանեսյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ այդ պահին հատուկ միջոցների կիրառումն արդարացված էր (զուգահեռ ասում է՝ «հույզերը մի կողմ»), բայց ոչ այդ կերպ: Այդ ձայնային նռնակները մարդկանց վրա շպրտելն անթույլատրելի էր: Հարց է առաջանում՝ գործ ունենք նման հրամանի՞ հետ, թե ոստիկանի ապաշնորհ աշխատանքի: Կարծում եմ՝ երկրորդ տարբերակն է, որովհետեւ հատուկ միջոցները կիրառելիս իրենց գործընկերներին էլ վնասեցին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































