Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի բնակիչներին հետաքրքրում է՝ երբ է հայտնվելու մի բարերար, ով քաղաքի հիվանդանոցին անհրաժեշտ սարքեր կնվիրաբերի

Մայիս 12,2018 21:34

Մասիսի բնակիչներին հետաքրքրում է, թե երբ է հայտնվելու մի բարերար ու քաղաքի հիվանդանոցին անհրաժեշտ սարքեր նվիրաբերելու: Քաղաքում կա մեկ գլխավոր հիվանդանոց, սակայն ընդունարանում միայն մի քանի հատուկ դեղորայք ու հին սարքեր կան, որոնք երբեմն ոչ ճշգրիտ ախտորոշումներ են տալիս:

Մասիսի բնակիչ Ա.Ա.-ի (անունը փոխված է) պապիկի կոկորդին մսի կտոր էր մնացել: Նրան շտապ հասցրեցին հիվանդանոց, որտեղ հերթապահ բժիշկն առաջին օգնություն ցույց տվեց: Սակայն անհրաժեշտ սարքի բացակայության պատճառով հիվանդին շտապ պետք էր ուղարկել Երեւան: Ըստ Ա.Ա.-ի՝  բժիշկը խելացի էր, լավ մասնագետ, սակայն նա ոչինչ անել չէր կարող, քանի որ մսի կտորն այնպիսի տեղում էր մնացել, որ դա տեսնելու համար հատուկ սարք էր հարկավոր: Գրեթե 20 րոպե սպասելուց հետո, բժշկի ջանքերով եւ կազմակերպմամբ առաջին բրիգադը հիվանդին հասցրեց Էրեբունի հիվանդանոց: Այնտեղ նրան ցուցաբերվեց համապատասխան օգնություն: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մսի կտորը կանգնած լիներ շնչափողին եւ հիվանդն ի վիճակի չլիներ շնչել: Գուցե միանգամից հիվանդանոցում մահանար:

Վերջերս հիվանդանոցի տնօրենն՝ իր աշխատակիցներին փորձելու համար մեզը թեյով էր փոխարինել եւ անալիզի ենթարկել, ինչի արդյունքում էլ ստիպել էր մի քանի աշխատակիցների հեռացման դիմում գրել:

Հետաքրքիրն այն է, որ աշխատակիցները պնդում են, որ այդ ամենը տնօրենի կողմից նախապես պլանավորված խաղ էր՝ գումար շողոքորթելու համար, սակայն երբ զրուցում են լրագրողների հետ վախի պատճառով լռում են եւ հրաժարվում որեւէ բան ասել: Քաղաքի բնակիչներն էլ արդարացնելով աշխատակիցների այս տեսակ դիրքորոշումը, պատճառաբանում են, որ վերջիններիս միակ աշխատանքն է եւ այն կորցնելու դեպքում բազմաթիվ մարդիկ այլեւս նոր աշխատանք չեն կարող գտնել՝ տարիքային սահմանափակման պատճառով: Հիշեցնեմ, որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ հոդվածներ, որտեղ նշվում է, որ հիվանդանոցի տնօրենը նախորդ աշխատավայրից հեռացվել է նույն սցենարային պատմության պատճառով:

Վերջերս նրա հետ ունեցած զրույցի ժամանակ նա նշեց, որ իր աշխատանքի ընդունվելուց հետո հիվանդանոցին նոր սարքեր են նվիրաբերվել: Սակայն, մասիսցիները դեռեւս վախենում են այստեղ բուժզննում անցնել, որովհետեւ կամ սարքեր չկան եւ նրանց ուղարկում են Երեւան, կամ էլ սարքեր կան, բայց դրանց ճշգրիտ պատասխաններին հիմնականում վստահել չի կարելի:

Աշխատակիցներին փորձելու փոխարեն լավ կլիներ հիվանդանոցում ավելացնել այնպիսի սարքեր, որոնք, իսկապես անհրաժեշտ են նույնիսկ ընդունարանում՝ հիվանդին ստուգելու համար:

Այնուհանդերձ, բնակիչները դեռեւս հույս ունեն, որ կհայտնվի մի բարերար, ով «կողորմա» այս քաղաքի բնակիչներին եւ սարքեր կնվիրաբերի, քանի որ եթե մեկ անգամ մարդու բախտը բերում է եւ տեղում չի մահանում, հաջորդ անգամ ոչ ոք չի կարող ասել կփրկվի՞ տվյալ մարդը, թե՞ ոչ:

Եվ այս հիվանդանոցում ոչ միայն սարքերն են պակասում, այլեւ շտապ օգնության մեքենաները: Բնակիչները շատ հաճախ խուսափում են շտապ օգնություն կանչել՝ նախընտրելով տաքսիով կամ սեփական մեքենայով հիվանդին հասցնել հիվանդանոց, քանի որ շտապ օգնությունը հասնում է լավագույն դեպքում զանգից կես ժամ անց՝ հաղթահարելով համայնքի բոլոր գյուղերի ճանապարհները: Հիվանդանոցում միակ դրական շարժը նոր կադրերն են, որոնք կարծես թե տիրապետում են իրենց մասնագիտական գիտելիքներին, ինչը երիտասարդ բոլոր բուժքույրերի մասին ասել չի լինի:

Մասիսցիները երբեմն իրավիճակը ծիծաղի վերածելու համար ասում են հիվանդանոցից ավելի շատ օգտվում են կամ մահացածները կամ էլ այն մարդիկ, ովքեր գլխացավ ունեն, որովհետեւ ընդունարանում հիմնականում այնպիսի դեղորայք է լինում, որոնք առօրյայում, գուցե շատերի տանը կա:

Ալվարդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031