Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Կրթության ոլորտի հատկացումները 2011թ. դրությամբ կտրուկ անկում են ապրել»

Հունիս 12,2018 14:59

1993 -ին վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները եւ պրակտիկան միջազգային այս փաստաթղթի պահանջներին: Հունիսի 12-ին կայացավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ը սահմանադրական օրենքով համարվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկող, ինչպես նաեւ երեխայի իրավունքների խախտումները ամրագրող եւ իրավունքների պաշտպանությունն իրականացնող կառույց:

Նրա տեղեկացմամբ, զեկույցում առկա հետազոտությունները վերաբերում են 2013-17 թթ. ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի առաջարկությունների կատարմանը եւ ընդհանրապես այդ ժամանակահատվածի համար պարտավորությունների կատարմանը:

Ի թիվս այլ հարցերի, Թաթոյանն ասաց, որ ուսումնասիրվել են կրթության եւ առողջապահության ոլորտների բյուջետային հատկացումները, եւ իրենց համար ընդունելի չէ առկա պատկերը: Նրա դիտարկմամբ, երկու ոլորտներում հատկացումները 2013 թվականից սկսած էական առաջընթաց չեն գրանցել, որոշ դեպքերում նույնիսկ նվազել են: «Սա բնականաբար չի նպաստում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետ գործողությանը: Առողջապահությանը հատկացված գումարները երբեմն ՀՆԱ 1,5 տոկոսի սահմաններում են, իսկ կրթության ոլորտինը նվազել է մինչեւ ՀՆԱ-ի 2,34 տոկոս: Կրթության ոլորտինը 2011թ. դրությամբ նույնիսկ կտրուկ անկում է ապրել»,-փաստեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 Արման Թաթոյանը՝ վկայակոչելով զեկույցում առկա տվյալները, նշեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների ջեռուցման հարցը, որի մասին բարձրաձայնել են ՄԻՊ աշխատակազմ 2016-17 թթ. ՀՀ մի շարք մարզերից այցելած երեխաները: «Խնդիրն այն է, որ ընդունված պրակտիկա է նախադպրոցական եւ կրթական հաստատությունը ջեռուցել նոյեմբերի 15-ից, ինչը օրենսդրությամբ պարտադիր պահանջ չէ»,-հավելեց նա: Մինչդեռ ելնելով կլիմայական պայմաններից՝ դասասենյակում պետք է ապահովել 18-22 աստիճան ջերմություն:

Մանրամասն՝ տեսանյութում

Մարդու իրավունքների պաշտպանը ձեռքբերումների մասին էլ խոսեց, նշեց, որ ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվել է www.emis.am կայքը, որտեղ յուրաքանչյուր դպրոց ունի անձնագիր, ինչը հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ:

Խնամքի հաստատություններին էլ անդրադարձ եղավ, նշվեց, որ հաճախ դրանցում առաջարկվող խնամքը, հագուստը եւ այլն, ավելի գերադասելի են, քան ծնողների ապահովածը, դրա համար էլ ծնողները ձեւական իրավաբանական կողմը պահելով, հաճախ հրաժարվում են իրենց երեխաներից ու նրանց տեղավորում նման հաստատություններում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Զեկույցում առաջարկություն կա Քրեական օրենսգրքում առանձին հոդվածով որպես հանցագործություն սահմանել 18 տարին չլրացած երեխաների զինվորական հաշվառումը եւ նրանց օգտագործումը զինված բախումների ընթացքում՝ պետական զինված ուժերի եւ ոչ պետական զինված խմբերի կողմից, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում սահմանել նշված արարքների համար տարածքային իրավազորություն:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ հաշվետվությունը չի կարող լինել սեւ ու սպիտակ, ապա հավելեց, որ որոշ առաջարկներ մասամբ են իրականացվել, իսկ որոշներն ընդհանրապես կյանքի չեն կոչվել: Խոսքը վերաբերում է հատկապես համակարգահեն առաջարկներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930