Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար. Մոգերինի

Հուլիս 04,2018 18:12

Եվրամիությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 3-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քննարկմանը:

Հիշեցնենք, հուլիսի 4-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի ժամանակ Խորհրդարանը կողմ է քվեարկել  ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հաստատմանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին:

«Եվրոպական միությունը կհատկացնի 160 մլն եվրո առաջիկա 4 տարիների համար: Մենք պատրաստ ենք աջակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մանր և միջին ձեռնարկատիրությանը, բիզնես մթնոլորտի բարելավմանը, արդյունավետ էներգետիկայում ներդրումների ավելացմանը, և այդ ցանկը կարելի է շարունակել»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ակտիվացնել մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար կարևոր ռազմավարական ոլորտներում:

Մոգերինին նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի անցած ճանապարհը թեև բարդ է եղել, բայց ի վերջո հաջողվել է հասնել համաձայնագրի ստորագրմանը, որը նա բնորոշել է որպես «պատմական»:

Նա նկատել է, որ իր համար հաճելի է Բրյուսելում ընդունել Հայաստանի նորընտրիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ հանդիպումը կլինի մի կողմից անցած ճանապարհի ամփոփում, մյուս կողմից նոր ճանապարհի սկիզբ:

«Ես հավատում եմ, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ Եվրոպական միության հետ գործընկերությունը կենսական կարևորություն ունի երկրի համար: Խոսքը աշխարհաքաղաքականության մասին չէ, ազդեցության գոտիների կամ ինչ-որ մեկի դեմ գործընկերության. սա գործընկերություն է հանուն ինչ-որ բանի, առաջին հերթին հանուն մեր քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքացիների, մեր՝ ԵՄ քաղաքացիների,  տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, ավելի լավ և ամուր ժողովրդավարությունների: Սա գործընկերություն է, որը կարող է օգնել առաջ տանելու հայ ժողովրդի առաջ քաշած պահանջները, այդ թվում վերջին ամիսներին»,- ասել է Մոգերինին:

Նա նշել է, որ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության ոլորտում փոփոխությունները, անչափ կարևոր են ոչ միայն ԵՄ-ի, այլև հայ ժողովրդի համար, ուստի ԵՄ-ը իր աջակցությունն է հայտնում այդ բարեփոխումներին:

ԵՄ հանձնակատարը նաև նշել է, որ իր առաջին շփումը Հայաստանի նոր կառավարության հետ եղել է շատ արդյունավետ,և որ այդ հանդիպումը «չէր կարող լիներ առավել դրական և ընկերական»:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Մոգերինին նշել է, որ դրանք պետք է վայելեն համաժողովրդական վստահություն և համապատասխանեն ԵԱՀԿ-ի և ժողովրդավարական իստիտուտների հանձնարարականներին:

Եվրոպական Խորհրդարանն իր երեկվա նիստում քննարկել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործացության համաձայնագրին համաձայնություն տալու հարցը: Հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավորթյան օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը: Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել:Բարձրացվել է նաև վիզաների ազատականացման հարցը: Մոգերինին հարցի լուծումը կապել է Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի լիարժեք կատարման հետ, գոհունակություն է հայտնել ընթացքից և ասել, որ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու համապատասխան որոշումը պետք է կայացնի Եվրոպական Խորհուրդը:Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արագ կարգավորումը:Հարցի քվեարկությունը տեղի կունենա այսօր:

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 4. Juli 2018

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031