Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հնարավո՞ր է առանց հնոցապանի դպրոցը ջեռուցել»․ Արթիկի թիվ 4 դպրոցի տնօրեն

Հուլիս 04,2018 23:31

Aravot.am-ում այսօր զետեղված «Աշխատանքի չհաճախելով՝ ստացել են մոտ 850 հազար ՀՀ դրամ գումար» հրապարակմանը քիչ առաջ գրավոր պատասխան է ուղարկել Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը (լուսանկարում)։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել էր, որ անձը ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում  է տվել  այն մասին, թե Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենը որպես գիշերապահ և հնոցապան է ձևակերպել երկու անձանց, որոնք աշխատանքի  չհաճախելով՝ ստացել են մոտ 850 հազար ՀՀ դրամ գումար (տարվա կտրվածքով)։

«Հարկ եմ համարում պարզաբանել, որ իմ գործողություններում անօրինականություն թույլ չեմ տվել, օրենքի որևէ կետ չի խախտվել։ Հնարավո՞ր է դպրոցը չունենա հնոցապան ու ջեռուցում ապահովվի այդ դպրոցում։ Հնոցապանն աշխատել  է սեզոնային աշխատանքով՝ ջեռուցման շրջանում,  և այդ նույն հնոցապանն աշխատել է նաև նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում։ Որպես բարեխիղճ աշխատողի՝ ես նրան  սեզոնային աշխատանքի եմ ընդունել։

Ինչ վերաբերվում է գիշերապահին, վերջինս  նույնպես աշխատել  է ջանասիրաբար, եղել են դեպքեր, երբ նրա հետ եկել է նաև հայրը, որպեսզի որդին չքնի, մի քանի անգամ  էլ փոխարինել է որդուն, երկուսն էլ ստորագրել  են հաճախումների գրանցամատյանը։ Այնպես որ կան ապացույցները․ աշխատանքը  չի տուժել: Հաճախակի եմ այցեր կատարել  ստուգելու նպատակով՝ արդյո՞ք տեղում են գիշերապահերը, երկուսն էլ բարեխիղճ աշխատել են, մի բան էլ հարկ եղած դեպքում օգնել դպրոցում շինաշխատանքներ կատարելուն։ Իմ պաշտոնավարման մոտ մեկ տարվա ընթացքում դպրոցում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել․ վերանորոգվել է սանհանգույցը, դասարաններ, ճաշարանի վերանորոգումն է ընթացքի մեջ։ Գիտենալով դպրոցի ֆինանսական սուղ վիճակը՝ գիշերապահերն անշահախնդրորեն օգնում են՝ առանց վճարման, առանց որևէ  ակնկալիքի, նրանք դպրոցի նվիրյալներ են։

Իսկ հաղորդում տվողներից մեկն արհեստականորեն լարված մթնոլորտ է ստեղծում դպրոցում՝ չթաքցնելով դպրոցի տնօրեն դառնալու իր հախուռն ցանկությունը։ Նա մայիս ամսին ղեկավարման իրավունքի հավաստագիր է ստացել ու հենց այդ ամսից էլ սկսել է իր ինտրիգները», -գրված է Նունե Գրիգորյանի ուղարկած նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031