Լրահոս
Օրվա լրահոսը

Ասղար Ֆարհադի. «Ինձ կաշկանդում է հաջողակ ռեժիսորի պիտակը»

Հուլիս 11,2018 17:16

Հուլիսի 11-ին ՀԲԸՄ գրասենյակում հանդիպում էր կազմակերպվել կրկնակի օսկարակիր, Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադիի հետ, որը նաեւ  գլխավորում է «Ոսկե ծիրանի» ժյուրին:

Հարցին, որ իր ֆիլմերում բարձրացնում է բարոյականության խնդիրներ, սակայն ռեժիսորը իր հերոսներին կարծես չի դատում, Ասղար Ֆարհադին պատասխանեց, որ յուրաքանչյուր՝ բարոյականությանն առնչվող խնդիր իրավիճակային է. «Դուք ինքներդ պետք է ձեզ հարց տաք՝ ի՞նչ է դա իրապես, որն է մեր չափանիշը՝ կրո՞նն է, սոցիալական կանոնակարգե՞րը, խի՞ղճը, թե՞ հանրային խիղճը…Այո, ես չեմ դատում իմ հերոսներին, որպես ռեժիսոր եւ սցենարիստ տալիս եմ ազատություն իմ լսարանին,, որ լսարանը դատողություններ անի»:

Նա նաեւ հավելեց. «Երբ ռեժիսորն ասում է, որ սա սեւ է, իսկ սա սպիտակ, մտածելու տեղ չի թողնում լսարանի համար, իսկ դա ժողովրդավարական հարաբերություն չէ լսարանի հանդեպ…Ֆիլմը կարող է տալ բոլոր պատասխանները, բայց ավելի արդարացի է, երբ քեզ մոտ հարցեր են մնում, ու ինքդ ես ֆիլմից հետո փորձում դրանց համար պատասխաններ գտնել»:

Ասղար Ֆարհադին կարեւորեց կինոյի եւ թատրոնի կապը, հիշեց, որ ժամանակին իրեն չեն ընդունել կինեմատոգրաֆիական բաժին, ու ստիպված սովորել է թատերական բաժնում: Սակայն այժմ, ինչպես ճանաչված ռեժիսորն է նշում, ինքը շնորհակալ է թատրոնից. «Սովորական կյանքը ես սովորեցի կինեմատոգրաֆիայից, իսկ թատրոնից սովորեցի դրաման, այժմ այդ երկուսը խառնում եմ իմ ֆիլմերում»:

Նա հավելեց, որ մի օր երազում է վերադառնալ «հայրական տուն»՝ թատրոն, որն իր ձեւակերպմամբ, լավագույն տեղն է ստեղծագործելու համար, ու ինչպես բժշկի մոտ ես գնում՝ իմանալու առողջ ես, թե ոչ, այդպես էլ թատրոնում կարող ես իմանալ՝ լա՞վ արվեստագետ ես, թե՞ ոչ:

Արվեստագետի խոսքերով, իր ֆիլմերն իր մանկության պատկերներն են. «Ռեժիսորը դեռեւս մանկուց է ռեժիսոր, դերասանն էլ մանկուց է դերասան»: Նա մի համոզում էլ ունի՝ բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում նման են. «Նրանց զգացմունքները նույնն են, օրինակ, մայրական սերը նույնն է Ճապոնիայում եւ Իսպանիայում, արտահայտման ձեւերն են տարբեր, ու ռեժիսորի խնդիրն է որսալ հենց այդ տարբերությունները»:

Ասղար Ֆարհադին ասում է, որ իրեն կաշկանդում է հաջողակ կինոռեժիսորի «պիտակը». «Այդ դեպքում ես չեմ ունենում ազատություն, ու մարդիկ միայն լավ ֆիլմեր են ակնկալում ինձնից»:

Aravot.am-ը ռեժիսորին խնդրեց պատասխանել այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչպես են աշխարհաքաղաքական զարգացումներն անդրադառնում հայտնի փառատոնում, օրինակ՝ Կաննում տրվող մրցանակների, մրցանակակիրների ընտրության վրա:

«Ես չեմ եղել աշխարհի բոլոր հեղինակավոր կինոփառատոներում, ունեմ որոշակի տեղեկատվություն այն փառատոներից, որտեղ եղել եմ: Մի բան կասեմ՝ փառատոներն օգտակար են ֆիլմերի համար եւ կարող են վտանգավոր լինել ֆիլմարտադրողների համար: Որպեսզի փառատոները հայտնվեն թերթերի էջերում, նրանք պետք է նաեւ թեժ թեմաներ բարձրացնեն, որպեսզի լսարանը կարծի, թե դա քաղաքականության ազդեցությունն է: Իրականում փառատոներն ավելի շատ մտածում են սեփական վարկանիշի մասին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031