Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հեղափոխականները սաբոտաժ բառը մշտապես օգտագործում են հակառակորդներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու եւ վերջապես՝ անհաջողություններն այլոց վրա բարդելու նպատակով. «Հայոց աշխարհ»

Հուլիս 24,2018 08:25 Share

«Սերժից ծախվածներ», «ազգի դավաճան», «սադրիչ», «ժողովրդի ընտրյալ առաջնորդ» եւ այլն. սրանք նախահեղափոխական շրջանից են, իսկ հետհեղափոխական շրջանում առավել տարածվածը «սաբոտաժն» է:

Բառի ծագումն այնքան էլ կարեւոր չէ, իսկ բովանդակությունը՝ դիտավորյալ վնասարարությունն է: Սաբոտաժ անող մարդն էլ նա է, որ դիտավորյալ չի կատարում իր պաշտոնեական պարտականությունները եւ այդպիսով վնասում տվյալ հաստատությանը, ոլորտին կամ ավելի ընդհանրական՝ պետությանը:

Հեղափոխականներն այս բառը մշտապես օգտագործում են հակառակորդներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու եւ վերջապես՝ սեփական անգործությունն ու ապաշնորհությունը ծածկելու եւ անհաջողություններն այլոց վրա բարդելու նպատակով:

Նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի, պատգամավորները իրենց մոտեցո՞ւմն ունեն այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, դրանք հակադրվո՞ւմ են հեղափոխականների կառավարության վերջնագրային պահանջներին, ուրեմն «սաբոտաժ» են անում: Հանրապետական պատգամավորների արդարացումները չեն փրկում նրանց՝ եթե «ժողովրդական» վարչապետին հակադիր կեցվածք, քաղաքական հայացք կամ մոտեցում ունես, «սաբոտաժ» է եւ վերջ:

«Սաբոտաժ» է Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների կողմից գյուղմթերքների եւ մսի գնի բարձրացումը: Կարեւոր չէ, որ այն ունի տնտեսական հիմնավորում եւ որ նման վիճակի մեղավորը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը:  Եթե նախկինում վերոնշյալ սուպերմարկետները շրջանառության հարկի դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի միջոցով էին ձեռք բերում այդ մթերքները՝ վճարելով 2-5 տոկոս հարկ, ապա անցնելով ավելացված արժեքի հարկի դաշտ, այժմ վճարում են 20 տոկոս հարկ: Դրա հետեւանքով կամ այդ չափով բարձրանում է ձեռք բերված եւ սուպերմարկետում վաճառվող ապրանքների գինը, կամ դա թույլ չտալու համար՝ նույն չափով իջնում է դրանց ձեռքբերման գինը: Եվ քանի որ երկու դեպքում էլ ծագում է Նիկոլ Փաշինյանին «շնորհակալ» լինելու հարցը, դա թույլ չտալու համար հեղափոխականների օրակարգում առաջ է գալիս «օլիգարխի կողմից սաբոտաժ անելու» մեղադրանքը:

Դատական համակարգն էլ է «սաբոտաժ» անում, քանի որ դատարանը չէր ցանկանում բաց թողնել ահաբեկչության, սպանության եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռերին»: «Նիկոլականները», մի կողմից, դա վերագրեցին դատարանի «սաբոտաժին», մյուս կողմից՝ ձեռնամուխ եղան մեղադրվողների մեծ մասին կալանքից ազատելուն: Դատական համակարգը վատն է, սաբոտաժ է անում, իսկ մենք լավն ենք՝ մարդկանց ենք ազատում:

«Սանիթեքը» վատ է կատարում ծառայողական պարտավորությունները, մայրաքաղաքում աղբահավաքությունը վատացել է, դե, իհարկե, «սաբոտաժ» է, այն էլ՝ «պայմանավորված Տ.Մարգարյանի հրաժարականով»: Ի դեպ, Տարոն Մարգարյանի հրաժարականը եւս զերծ չմնաց «սաբոտաժ» անելու առավել քան անհեթեթ մեղադրանքից: Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետի հրաժարականը, որն անցած ամիսներին այսպես տենչում էին «հեղափոխականները», անակնկալի էր բերել նրանց ժամկետի առումով: Այսինքն՝ Տարոն Մարգարյանը մեղավոր է անգամ այն բանում, որ հրաժարական տվեց, ինչը համընկնում էր սրանց ցանկությանը եւ պահանջին, բայց, արի ու տես, այստեղ եւս «սաբոտաժ» կա:  Բանն այն է, որ, ըստ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության բոցաշունչ ղեկավարի՝ Տարոն Մարգարյանը դիտավորյալ հրաժարական տվեց հուլիսին, որպեսզի Երեւանի նոր ավագանու ընտրությունները տեղի ունենան օգոստոսին, երբ շոգ է քարոզարշավի համար, Ընտրական նոր օրենսգիրք, ըստ այդմ՝ ձեւավորված նոր հանձնաժողովներ էլ չկան: Հետեւաբար դա «սաբոտաժ» էր:

Ի՞նչ կարող ես անել, եթե վարչապետն ինքն է սաբոտաժ անվանում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանների կամ դժգոհություն արտահայտող այլ քաղաքացիների գործողությունները: Բնական է, որ նրա խոսքին պետք է հետեւի լվացած ուղեղներով հեղափոխականների բազմությունը: Նրանց տեսանկյունից՝ սաբոտաժ են անում իրենց աշխատանքից զրկվող պետական ծառայողները, իրենց օրենքով պաշտպանել ցանկացող տնտեսավարողները, անգամ հանրապետության նախագահն ու իրենց սիրելի վարչապետի նշանակած արտգործնախարարը: Դեռ լավ է, որ այդ պիտակը չի հասել բանակին եւ զինվորականներին, բայց ոչինչ բացառված չէ:

Սահակ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել