Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանն ու Վահագն Ավագյանը չեն մեկնաբանում Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը

Հուլիս 25,2018 20:10

Երեւանի ավագանու ընտրություններում որեւէ մեկին սատարելու խնդիրը «Հիմնադիր խորհրդարանում» դեռ չեն քննարկել: Այսօր, այդ մասին «Հայելի» ակումբում հայտարարեցին կազմակերպության անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Վահագն Ավագյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները չեն մեկնաբանում «Սասնա ծռերի» անդամների հայտարարությունները դատարանում: Լրագրողները հետաքրքրվեցին, մասնավորաբար, Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց այն հայտարարությամբ, որ թե Ոստիկանության պարեկապահակետային գնդում (ՊՊԾ) ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։

Ձեր ընկերն է, քաղաքական հայացքները կիսում եք, գործողություններին սատարում, բայց հայտարարությունները չե՞ք մեկնաբանում`լրագրողների դիտարկումներին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանն արձագանքեց. «Էլի մեր ընկերն է: Հուսով ենք բոլորը շուտով կլինեն ազատության մեջ եւ դուք ձեր հարցերն իրենց կուղղեք, կբացատրեն`ի՞նչ են արել, ինչի՞ են արել»: Գեւորգ Սաֆարյանը միաժամանակ հայտարարեց, որ որեւիցե տարաձայնություններ իրենք չունեն «Սասնա ծռերի» հետ: Նրանք համաձայն չեն այն մեկնաբանությունների հետ, որ դա «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Սասնա ծռերի» պառակտում էր: Ասում են`դա ձեր ընկալումն է: Իրենք պաշտոնապես հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» պառակտված չեն: Հիշեցնում են`Վարուժան Ավետիսյանն էլ դատարանում իր մեկնաբանությունն արեց Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված եւ կրկին հորդորում`առայժմ այդքանով սահմանափակվել:

Խոսելով դատական համակարգի մասին, Գեւորգ Սաֆարյանն ասում է. «Դատական համակարգը մնացել է նույն նեխած վիճակում: Դատական իշխանությունը որեւիցե ձեւ չի փոխվել ու չի ուզում փոխվել: Արհամարհական վերաբերմունքը մարդու նկատմամբ, որ եղել է նախկին իշխանության օրոք, մնացել է նույնը: Նրանք կարող են ասել, լավ թող մի տասը ամիս նստի, նոր կդատենք: Դատական համակարգը ինքնաբերաբար չի գնալու բարեփոխումներին եւ չի գնալու նրան, որ Շանթ Հարությունյանին ազատ արձակեն: Շանթ Հարությունյանը, միանշանակ քաղբանտարկյալ է, նա անհապաղ պետք է ազատ արձակվի եւ անմեղ ճանաչվի: Բայց, դատական իշխանությունը շարունակելու է հաշվեհարդար տեսնել Շանթ Հարությունյանի նկատմամբ»:  Նա նաեւ կարծում է, որ դատական իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին «Մենք դա կստիպենք»:

Նիկոլ Փաշինյանին եւ շարժմանը շնորհակալ են, որ հասանք այս փոփոխությունների եւ ինչ-որ մասով քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին: «Բայց չմոռանանք, որ դեռ քաղբանտարկյալներ կան ու դա հարիր չէ ժողովրդավարական երկրին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: Վահագն Ավագյանն էլ նկատում է. «Շարժմանը մասնակցել-աջակցել ենք բոլորս, ոնց կարող ենք հաղթանակը բոլորինս չհամարել: Կատարված փոփոխությունների շահառուն բոլոր հայ մարդիկ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031