Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը իր ընտանիքի, շատ անձնական երազանքների մասին

Հուլիս 25,2018 22:20

Ռուսական «Էքսպրես գազետա» թերթը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ խոսելով նրանց անձնական կյանքի մասին և այն համեմելով քաղաքական պայքարի դրվագներով:

Համալսարան, ծանոթություն, սեր առաջին հայացքից

«Մեր ծանոթության և սիրո պատմությունը շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար պատմեմ: Մենք ծանոթացել ենք ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել այդ համալսարան»:

Այդ ընթացքում.

Նիկոլի կին Աննան ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժին ընդունվել է 1991թ.: Այդ ժամանակ Հայաստանը, որ մի ժամում ազատ էր դարձել, հազիվ թե ինչ-որ բան կարողանար տալ 17-ամյա ռոմանտիկին:

Նիկոլի հայրենի քաղաքում՝ Իջևանում, փակվել էին բոլոր ձեռնարկությունները՝ մեխանիկական, գորգագործական, բենտոնիտի կոմբինատները: Բնակարաններում էլեկտրականություն և ջեռուցում չկար, բնակիչները երկրից դուրս էին գալիս՝ ով որտեղ կարողանում էր՝ աշխատանք և պաշտպանություն գտնելու համար:

Բայց Նիկոլը գնաց սովորելու Երևանում, որպեսզի դառնա լրագրող և դիմակայի իշխանություններին, որոնք իրենց քաղաքացիներին գցել էին սովի, աղքատության և չքավորության մեջ:

Աննայի հետ ծանոթանալու ժամանակ՝ 1995թ., Նիկոլն արդեն կայացած լրագրող էր: Նա, դեռ երկրորդ-երրորդ կուրսի ուսանող, համագործակցում էր ընդդիմադիր պարբերականների հետ, իսկ հինգերորդ կուրսում արդեն Երևանի լրագրության ֆակուլտետի ճանաչված առաջատար էր: Զարմանալի չէ, որ նույն՝ 1995թ. նրան հեռացրին բուհից քաղաքական հայացքների պատճառով:

«Երբ առաջին անգամ մտա լսարան, միանգամից լսեցի նրա անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին խոսում էին բոլորը՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ բերում, նրա աշխատանքի վրա հղում էին կատարում: Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն էր. լսում էի ես՝ անգամ հերոսի հետ դեռ չծանոթացած:

Իսկ հետո ես առաջին կուրսում կարևոր առաջադրանք ստացա՝ հոդված գրել թերթում: Այո, հենց այն թերթում, որտեղ աշխատում էր Նիկոլը: Ես գրեցի այն և բերեցի խմբագրություն: Այնտեղ էլ ծանոթացանք՝ աշխատավայրում:

Նիկոլն ինձ սիրահարվեց, իսկ ես՝ նրան… ավելի ուշ»:

Ընտանեկան կյանքը քաղաքական կռիվների ընթացքում

«Ինչ վերաբերում է ամուսնուս քաղաքական հայացքներին, ես միշտ գիտեի, որ նա լինելու է քաղաքականության մեջ: Պատրաստ էի նրա հետ անցնել բոլոր դժվարությունների միջով: Դրանք ծանր ժամանակներ էին:

Չեմ սիրում հիշել անցյալը, պատմել դրա մասին: Մորական գծով իմ ընտանիքը շատ վիշտ է կրել, երբ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ Վանից և Էրզրումից տեղափոխվել է Հայաստան:

Իսկ հորական կողմից Հայրենական մեծ պատերազմը խլել է պապիս կյանքը, իսկ հորս որբ է թողել. ռազմաճակատ գնալիս պապս հորս՝ իմ ապագա հորը, հանձնել է մանկատուն, քանի որ նրա կինը մահացել էր, իսկ հինգ տարեկան երեխային խնամող չկար»:

Այդ ընթացքում

Ապագա կնոջ հետ ծանոթությունից և՛ առաջ, և՛ հետո Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական լրագրող ակտիվ համագործակցում էր Հայաստանի ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ:

Ամուսնանալով Աննա Հակոբյանի հետ՝ Նիկոլը պարզապես բարձրացրեց իր պայքարի աստիճանը: 90-ականների վերջին նա հայտնի դարձավ՝ որպես ամենաանսանձ համարձակ մարդն իր մասնագիտության ոլորտում: Փաշինյանը չէր վախենում տալ Ազգային ժողովի քրեական պատգամավորների անուններ, ինչի համար նրան բազմիցս դատարան են կանչել՝ զրպարտության մեղադրանքով:

1988թ. Փաշինյանը հիմնեց «Օրագիր» թերթը և դրանում զբաղեցրեց գլխավոր խմբագրի պաշտոնը: Հենց այդ ժամանակ էլ ընտանիքում ծնվեց առաջին երեխան՝ Մարիամը:

Մեկ տարվա աշխատանքից հետո Փաշինյանի թերթը փակեցին, բայց դրան փոխարինեց նորը՝ «Հայկական ժամանակը»: Ամուսիններն աշխատում էին միասին. Նիկոլը որպես գլխավոր խմբագիր, Աննան՝ լրագրող: Դստեր ծննդից մեկ տարի անց՝ 2000թ. ընտանիքում ծնվեց որդին՝ Աշոտը:

«Հայկական ժամանակը» դարձավ երկրի գլխավոր ընդդիմադիր թերթը: Եվ դա չէր կարող չանդրադառնալ Նիկոլի և Աննայի կյանքի վրա:

Երբ ավագ երեխաները 5 և 4 տարեկան էին, 2004թ. նոյեմբերի 22-ին նրանց հոր վրա սպանության փորձ իրականացվեց. անհայտ անձիք (որոնք այդպես էլ անհայտ մնացին) խմբագրության շենքի առաջ պայթեցրին Փաշինյանի ավտոմեքենան: Կարելի է միայն ենթադրել, որքան դա ցնցեց Աննային: Բայց նա չդադարեց աջակցել ամուսնուն: Դրանք ընտանիքի համար դժվար ժամանակներ էին. Փաշինյանի դեմ բազմաթիվ դատավարություններից մեկի ժամանակ նա տուգանվեց 25 հազար դոլարով: Հազիվ թե ինչ-որ մեկը երկրում այդ ժամանակ այդքան գումար ունենար, իսկ Փաշինյանը դա հաստատ չուներ: Հետևաբար` տուգանքը նա չվճարեց: Դատական կատարածուների առաջ լրագրողի բնակարանի դուռը չէր բացվում, իսկ Նիկոլը միայն ծիծաղում էր:

2008թ. Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվեց, և ոստիկանությունը փորձեց նրան ձերբակալել, իսկ նա թաքնվում էր: Մեկ տարի և 4 ամիս Աննայի ամուսինն անցկացրեց ընդհատակում: Այդ ընթացքում ծնվեց նրանց դուստրը, և աշխատելով «Հայկական ժամանակում»՝ Աննան արդեն խնամում էր երեք երեխաների:

2009թ. Նիկոլը կամավոր հանձնեց իշխանություններին: Նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Սակայն Փաշինյանը բանտում անցկացրեց ավելի քիչ ժամանակ. արդեն 2011թ. մայիսին նա ազատ արձակվեց համաներմամբ՝ նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:

Փաշինյանների ընտանիքի ամենակրտսեր դուստրը ծնվեց 4 տարի անց: Նրա հայրն այդ ժամանակ դարձավ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և համակարգի դեմ պայքարում էր խորհրդարանի ամբիոնից:

«Ես գնահատում եմ իմ ամուսնուն առաջին հերթին նրա մտավոր կարողությունների համար: Բայց ոչ պակաս՝ բարության և ազնվության համար: Դա հենց այն էր, ինչ գրավեց ինձ հանդիպման հենց սկզբից և նախկինի պես շատ թանկ է:

Երեխաների դաստիարակության հարցում մեզ համար գլխավորը ազգային ինքնության պահպանումն է, կարևոր է ավանդույթների պահպանումը: Ես կարծում եմ, որ առաջին հերթին մենք երեխաներին պատկերացում ենք տալիս ազատության մասին, նրանց հետ վարվում ենք որպես անհատների: Կարևոր է, որպեսզի նրանք լինեն ազնիվ, բարի, իսկ մնացածը տեխնիկայի հարց է:

Իմ մերձավորներն ինձ հարցնում են՝ ինչպես եմ գլուխ հանում բոլոր գործերից: Ես նրանց պատասխանում եմ, որ լինել գլխավոր խմբագիր թերթում, որը լույս է տեսնում ամեն օր, և աշխատել այնտեղ, շատ բարդ է: Նախկինում ես 12 ժամ աշխատում էի թերթում և դա համատեղում էի ընտանիքի հետ: Հիմա ես այդպես չեմ աշխատում. թերթն այլևս ընդդիմադիր չէ: Այս պահին ես որոշումներ եմ կայացնում թերթի քաղաքականության փոփոխության վերաբերյալ, խմբագրությունում անցկացնում եմ մի քանի ժամ»:

Առաջին տիկնոջ պարտականությունները

«Հայտնի դառնալը տեղի է ունեցել աստիճանաբար՝ հեղափոխության ընթացքում. մարդիկ ինձ ճանաչում էին փողոցում, ողջունում էին, հաճելի խոսքեր էին ասում, և մինչ օրս այդպես է: Մեզ շատ հաճելի է, իսկ այդ սերը պատասխանատվություն է պահանջում, ու նաև փոխադարձ է:

Ամուսնուս՝ վարչապետ ընտրվելուց հետո, ընդհանուր առմամբ մեր ընտանիքում կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել: Փոխվել է բնակության վայրը, տեղաշարժի ազատությունը, ի հայտ է եկել անվտանգության ծառայություն:

Այդ ընթացքում

Ընդդիմադիր լրագրողը դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պայքարի գագաթնակետը 2018թ. գարունն էր: 2018թ. մարտի 31-ին Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» քայլերթը, որի խնդիրն էր թույլ չտալ նախագահ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ, որի ձեռքում, ըստ նոր Սահմանադրության, կենտրոնացած է երկրում իրական իշխանությունը:

Երկու շաբաթվա ընթացքում քայլերթի մասնակցիները Փաշինյանի գլխավորությամբ հասան Երևան և սկսվեց այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»:

Փաշինյանի համախոհները փակում էին փողոցներն ու խաչմերուկները, արգելափակում էին երթևեկությունները պետական հաստատությունների շենքերի մոտ, ցույցեր էին անցկացնում երկրի գլխավոր հրապարակում:

Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահից պահանջում էր անվերապահ հրաժարական, իսկ փողոցը նրան պաշտպանում էր:

Ապրիլի 22-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած երթի ժամանակ ոստիկանությունը ձերբակալեց Փաշինյանին, բայց ցուցարարների ճնշման տակ հաջորդ օրը նրան ազատ արձակեցին: Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Փաշինյանը զբաղեցրեց բարձր պաշտոն, իսկ Աննա Հակոբյանը դարձավ Հայաստանի առաջին տիկին:

«Ես շարունակում եմ մնալ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, 4 երեխաների մայր, ինչպես նաև առաջ են եկել նոր պարտականություններ, ինչպիսին է վարչապետի կինը:

Բայց պետք չէ մտածել, որ ես որևէ կերպ ազդում եմ իմ ամուսնու որոշումների վրա՝ որպես երկրի կառավարության ղեկավարի: Նա ինձ հետ չի քննարկում երկրի քաղաքական հարցերը, և ես որևէ կերպ չեմ ազդում նրա որոշումների վրա: Հաճախ պատահում է այնպես, որ ես վերջինն եմ իմանում կառավարությունում և պետական գործերում ընդունված քաղաքական բարեփոխումների մասին»:

Շատ անձնական երազանքներ

«Ես շատ եմ սիրում հայկական գյուղերը: Պաշտում եմ Արցախը, Ստեփանակերտ, Շուշի քաղաքները, Գանձասարի եկեղեցին… Բայց նախկինի պես, մանկությունից, երազում եմ ճամփորդության մեկնել Աֆրիկա:

Բայց այժմ ես նախընտրում եմ հանգստանալ Հայաստանում, մենք մեծ ընտանիք ունենք, և մեր փոքրիկ աղջկա համար դժվար է մեկնել այլ երկրներ:

Այսօրվա դրությամբ ես վարում եմ շահագրգիռ, դիտողի կյանք: Փնտրում եմ նոր գաղափարներ, կյանքն ուսումնասիրում եմ մի փոքր այլ կողմից:

Սակայն, ինչպես և նախկինում, ինձ համար մարդկանց մեջ կարևոր են մնում ազնվությունը, ազատությունը, բարությունն ու արդարությունը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031