Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանն առաջարկել է կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը

Հուլիս 26,2018 21:12

«Ստվերային կազմակերպված փակ քննարկում էր»,- սա «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատականն է այսօր, կառավարությունում կազմակերպված Ընտրական օրենսգրքի հերթական քննարկմանը:

Պետրոս Մակեյանի փոխանցմամբ, քննարկման մեկնարկին իրենք բարձրացրել են հարցը, որ լրագրողները չեն կարողանում մտնել կառավարության շենք, որպեսզի մասնակցեն հանդիպմանը: «Ոչ մի արձագանք»,- ասաց մեր զրուցակիցը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հռիփսիմե Հովակիմյանն էլ, մինչ քննարկման մեկնարկն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց այս քննարկման մասին հանդիպումից  մեկուկես-երկու ժամ առաջ են զանգահարել եւ տեղեկացրել: Իրենց վրդովմունքին ի պատասխան էլ ասել են`«ինֆորմացիա ենք տարածել», թե ինչպե՞ս`չեն մանրամասնել:

Իսկ քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են, մասնավորաբար, երկքաղաքացներին ընտրության իրավունք տալու հարցը: Դա Անդրիաս Ղուկասյանի առաջարկն է եղել, որը մի քանիսի կողմից դրական գնահատական է ստացել: Դանիել Իոաննիսյանը հակափաստարկ է բերել, որ տեխնիկապես հնարավոր չէ դա կազմակերպել`օրինակ բերելով Վլադիվոստոկը, որտեղ հյուպատոսություն չունենք եւ այլն:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ առաջարկել էր ընտրագրավը հանել, իսկ կուսակցությունների կշիռը ամրագրելու համար ստորագրահավաք անել: Ընտրագրավը, հիշեցնենք, նախկին օրենսգրքով երկու միլիոն դրամ էր, գործող օրենսգրքով`քսան միլիոն դրամ է: Ընտրագրավը հանելու առաջարկը քննարկման մասնակից կուսակցություններից շատերի կողմից է եղել: Ստորագրահավաքի մասով, Դանիել Իոաննիսյանը ասել է, որ ժամկետներն են կարճ, այդ իմաստով խնդիր կարող է առաջանալ:

Անդրիաս Ղուկասյանն, ի դեպ, առաջարկել է ՀՀԿ-ին թույլ չտալ մասնակցել ընտրություններին: Այս առաջարկը ներկաներից մի քանիսի դրական գնահատականին է արժանացել: Դանիել Իոաննիսյանն էլ հակադարձել է` թող մասնակցեն եւ ժողովուրդն իրենց քվեով վերաբերմունք ցույց տա:

Անդրիաս Ղուկասյանն առաջարկել է նաեւ`դիմել ՍԴ եւ կասեցնել ՀՀԿ-ի գործունեությունը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի տպավորությամբ, այս քննարկումն արվել է զուտ նրա համար, որ «խոսք-խորաթա» չլինի: «Նախկին ռեժիմի որակի բան էր եւ մտահոգիչ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Նրան վրդովվեցրել է այն, որ քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանն անընդհատ ասել է, թե ուսումնասիրել են առաջադեմ երկրների փորձը:

«Առաջադեմ երկրների փորձն ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ: Հայաստանը քսան տարի եղել է տոտալ ռեժիմի տակ, քաղաքական դաշտ պետք է ձեւավորվի»,- հակադարձել են ներկաներից շատերը` պնդելով, որ դրա համար սահմանված շեմի արգելանքը պետք է հանվի: Գործող ԸՕ-ով դա հինգ տոկոս է, հիմա, Դանիել Իոաննիսյանի ղեկավարած հանձնաժողովն առաջարկում է չորս տոկոս: Պետրոս Մակեյանն իրենց տեսակետն այսպես է հիմնավորում. «Կուսակցությունները թող մասնակցեն ընտրություններին, մեկ-երկու ներկայացուցիչ ունենան խորհրդարանում, այդ թվում ՀՀԿ-ն թող իր մի քանի հոգով գա եւ պատասխան տա իր քաղաքականության համար: Հիմա, իրենք երեք տոկոս էլ չեն հավաքի»:

Առաջարկ է հնչել նաեւ, 2008-ի մարտի 1-ից հետո կոալիցիա կազմած եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի համար «կանաչ լույս» վառած կուսակցությունների առաջին երեք համարները իրավունք չունենան ցուցակում լինել: Հիշեցնենք, այդ ժամանակ կոալիցիա կազմեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն:

«Վտանգ կա, որ այս արտահերթ ընտրություններով միակուսակցական ռեժիմը կվերականգնվի: Իրենց հակափաստարկները որեւէ քննադատության չէին դիմանում»,- այս եզրակացության է եկել Պետրոս Մակեյանը` քննարկման արդյունքում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031