Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն բնույթի դեպքեր Լոռու մարզի սոցիալական ծառայության ոլորտում. Կան ձերբակալվածներ

Հուլիս 26,2018 23:10

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզի գլխավոր դատախազ Արսեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն ռիսկերին ու պետական մարմինների կողմից կատարված չարաշահումներին: Դատախազը նշեց, որ մարզում դրական տեղաշարժ է նկատվել կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման հետ կապված:

Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզի տարածքում արձանագրվել են 34 կոռուպցիոն բնույթի դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Նախորդ տարի  քրեական գործ է հարուցվել 18 դեպքով:

Ընդհանուր առմամբ՝ նշված կոռուպցիոն բնույթի դեպքերով պետությանը պատճառվել է 1 մլդ 416 հզ. 937 դրամ, որից պետությանը վերադարձվել է 116 մլն 860 հզ դրամ. «Ունենք քրեական գործեր, որոնցով որ պետությանը պատճառված վնասը դեռեւս վերականգնված չի, բայց ենթադրյալ կատարողների շարժական եւ անշարժ գույքերի վրա դրվել է արգելանք: Բնական է, որ դատաքննության ավարտից հետո պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի պետությանը պատճառված վնասը վերականգնվի»:

Կոռուպցիոն դեպքերի  շրջանակներում Արսեն Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձավ մարզի սոցիալական ծառայության ոլորտում հարուցված քրեական գործերին. «Բնակչության շրջանում հաճախակի հնչում էին դժգոհություններ՝ սոցիալական ծառայության ոլորտից: Խոսքը վերաբերվում էր հետեւյալ իրավիճակներին, որ նպաստառուները չեն ընդգրկվում նպաստառուների ցուցակներում, իսկ նյութապես բարելավված վիճակ ունեցող անձինք ընդգրկվում էին այդ ցուցակներում: Կամ որոշակի դեպքերում անձանց ընդգրկում էին նպաստառուների ցուցակում, պայմանով, որ նպաստի որոշակի գումար պետք է հատկացվի պաշտոնատար անձանց»:

Դատախազության ուսումնասիրության արդյունքներով քրեական գործ է հարուցվել մարզի Ազնվաձոր համայնքում: Սոցիալական ծառայության ավագ մասնագետը ձերբակալվել է. «Քննության ընթացքում հիմնավորեցինք, որ 2008-2018 թվականի ժամանակահատվածում, սոցիալական ծառայության աշխատակիցը նպաստառուներին  ցուցակում ընդգրկելու կամ ցուցակից դուրս չթողնելու հետ կապված տարբեր քաղաքացիներից պահանջել եւ ստացել էր մոտ 1 միլիոն 400 հզ դրամի չափով գումար: Այս պահին վնասի չափն այդքան է կազմում: Կոնկրետ քրեական գործով մեխանիզմը հետեւյալն է՝ սոցիալական ծառայության աշխատակիցը պայմանավորվածություն էր ձեռք բերել Ազնվաձոր համայնքի «Հայփոստ» փոստային բաժանմունքի աշխատակցի հետ, վերջինիս փոխանցել նպաստառուների ցուցակները, դրանց դիմաց ֆիկսված լինելով այն գումարները, որոնք որ պետք է պահվեն: Պահվող գումարների չափը տարբեր էր կախված հատկացվող նպաստի գումարի չափից: Ընկերության աշխատակիցները՝ փոստատար, օպերատոր պահել էին այդ գումարները եւ փոխանցել սոցիալական ծառայության աշխատակցին, դրա դիմաց ստանալով որոշակի վարձատրություն: Այս պահին սոցիալական ծառայության աշխատակիցը գտնվում է կալանքի տակ, իսկ փոստային բաժանմունքի աշխատակցին մեղադրանք է առաջադրել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը»:

Գործով քննությունը շարունակվում է կոռուպցիոն սխեմայում ընդգրկված այլ պաշտոնատար անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված դեպքը մարզում միակը չէ: Նմանօրինակ կոռուպցիոն դեպք է արձանագրվել նաեւ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում. «Փաստի կապակցությամբ նախապատրաստվել էին նյութեր, որոնցով պարզվել էր, որ մի շարք անձիք, որոնք ընդհանրապես չէին դիմել սոցիալական ծառայությանը, որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց՝ նպաստառուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքի վերաբերյալ: Սակայն սոցիալական ծառայության մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում: Իրենց անվամբ դուրս են գրվել նպաստի գումարներ, որոնք խարդախության եղանակով հափշտակվել էր պետությունից»:

Նախնական տվյալներով ծառայությունը նման ճանապարհով նպաստի գումար է ստացել 950 քաղաքացու անունից: Գործում ընդգրկված են ինչպես Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 5 աշխատակիցներ, այդ թվում նաեւ գործակալության պետը, այնպես էլ «Հայփոստ» փոստային բաժանմունքի աշխատակիցներ. «Պետի հանձնարարությամբ յուրաքանչյուր աշխատակից իր սպասարկող տարածքում ունեցել է կեղծ նպաստառուներ, այդ ցուցակները կրկին հստակեցվել են Ստեփանավանի «Հայփոստ» փոստային բաժանմունքի տարածքային մարմիններին: Բաժանմունքի աշխատակիցները՝ օպերատորները, ավագ օպերատորները եւ փոստատարները ստորագրել են քաղաքացիների անվան դիմաց, իբրեւ թե բաժանել են հատկացվող գումարները, եւ հափշտակված գումարները փոխանցել են սոցիալական ծառայության աշխատակցին» Աշխատակիցն էլ գումարը փոխանցել է սոցիալական ծառայության պետին»:

Այս գործով խարդախության եղանակով պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմել է կազմում է 500 մլն դրամ: Սոցիալական ծառայության աշխատակիցների կողմից վերականգնվել է 30 մլն դրամ գումարը: Դատախազը տեղեկացրեց, որ գործով ընդգրկված անձանց անշարժ եւ շարժական գույքերի վրա դրվել է արգելանք, ավելացնելով, որ միջոցառումներ են ձեռնարկելու, որպեսի պետությանը պատճառված վնասը վերականգնվի ամբողջությամբ:

Հուլիսի 19-ին որոշում է կայացվել նշված աշխատակիցների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ. «Այս պահին ձերբակալվել են 4 աշխատակիցներ, սոցիալական ծառայության 1 աշխատակից դիմել է փախուստի, սոցիալական ծառայության պետի հետ կապված նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու, նա դեռեւս հայտնաբերված չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031