Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Դադասյան. «Անընդհատ հանրահռչակում ենք մշակույթը` առանց պետության կոպեկը ծախսելու»

Օգոստոս 01,2018 14:52

Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը տեղեկացրեց, որ Մակեդոնիայի մշակույթի թատրոն «Jordan H.K-Dzinot» ազգային ինստիտուտ-կենտրոնի և Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել են Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ թատերական փառատոնին՝ իրենց խաղացանկային «Արդաղիոն» ներկայացումով: Մնջախաղի թատրոնի ներկայացումը ցուցադրվել է հուլիսի 22-ին` «Ստոբի» անտիկ ամֆիթատրոնում, որտեղ ներկա է եղել ավելի քան 1000 հանդիսատես:

Հուլիսի 29-ին` փառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվել է, որ Երեւանի մնջախաղի պետական թատրոնն արժանացել է փառատոնի Գրան Պրիին՝ լավագույն ներկայացման համար:

«Ընդ որում, բոլորը «խոսող» թատրոններ էին, միայն մենք էինք Մնջախաղի թատրոն: Իսկ Վոլոգդայում «Պատմության ձայներ» փառատոնին մասնակցել ենք ժյուրիի նախագահի հրավերով: Չելյաբինսկի փառատոնի ժամանակ էր հանդիպել եւ հրավիրել: Վոլոգդայում պատվավոր հյուր էինք, մրցույթից դուրս էինք, բայց մեզ տրվեց քաղաքապետի հատուկ մրցանակ»,-ասաց պարոն Դադասյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլ ամսին էլ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միմիգրանտի հումորի 15-րդ միջազգային փառատոնին, որը նույնպես բացօթյա էր, մեջ ոգեւորությամբ են ընդունվել:

«Ի դեպ, «դրսի» բոլոր փառատոներին հրավիրող կողմը հոգացել է մեր բոլոր ծախսերը, եւ մենք երբեք որեւէ գումար ՀՀ մշակույթի նախարարությունից չենք խնդրել»,-ասաց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա ընդգծեց. «Կառավարության մշակութային ծրագրում գրված է, որ պետք է հանրահռչակել մեր մշակույթը: Մենք «դրսում» անընդհատ հանրահռչակում ենք առանց կոպեկ ծախսելու ու փող խնդրելու պետությունից»:

Ժիրայր Դադասյանից նաեւ տեղեկացանք, որ վերջին պետպատվերը, որ ստացել են, 5 տարի առաջ է եղել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031