Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Մինասյան. «Սեւանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում, հավելյալ ջրառը վտանգավոր է»

Օգոստոս 08,2018 13:38 Share

«Սեւանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը, որքան էլ ցավալի է, անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է, ոչ մի նվաճող Սևանին այդպես չի վերաբերվել»,-այսօր «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը:

Սեյրան Մինասյանն ասաց, որ նախորդ կառավարությունների օրոք Սեւանից մեծ քանակությամբ ջուր է բացթողնվել՝ առանց հաշվի առնելու, որ Սեւանը պարզապես լիճ չէ, այն էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել եւ այդ գործելաոճով՝ Սեւանից ջուր բաց թողնելով նախորդ կառավարությունները պարզապես քողարկել են իրենց վատ աշխատանքի հետեւանքները:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետն ասել էր՝ «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է»: Ապա վարչապետը հանձնարարել էր ուսումնասիրել լճի իրավիճակը եւ գտնել առանց Սեւանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ:

«Կարծում եմ՝ վարչապետի հանձնարարականը շատ տեղին է, ուղղակի այստեղ հարց է, թե ինչքան արդյունավետ այդ հանձնարարականը կիրականացնեն»,- այսօր ասաց Մինասյանը:

Մասնագետի կարծիքով՝ փնթի եւ վատ կառավարման արդյունքում երկրում այն աստիճանի են եղել ջրի կորուստները՝ 70-80%, որ ջուրը չի բավականացրել որոշակի հատվածներ ոռոգելու համար, ուստի միշտ Սեւանից ջուր են բաց թողել, որովհետև դա ամենահարմար միջոցն է, այդպես նաեւ էլեկտրաէներգիա են արտադրել:

Մասնագետի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում տարեկան գոյանում է մոտ 7 միլիարդ խմ վերականգնվող ջրային պաշար: Այս քանակն, Մինասյանի վստահեցմամբ, բավարար է առանց Սեւանին վնաս հասցնելու բոլոր կարիքները հոգալու ու ոռոգում իրականացնելու համար:

Գիտաշխատողը հիշեցրեց Խորհրդային տարիները, երբ մասնագետները կանխատեսել էին՝ ջրի ցածր մակարդակը կհանգեցնի լճի ճահճացման, ուստի այն տարիներին հսկայական գումարներ ներդրվեցին, որպեսզի լճի ջրի մակարդակը բարձրացվի։

Այսօր լճի ջուրը հարստացած է ազոտով, ֆոսֆորով եւ կենսածին այլ նյութերով, իսկ օդի այս տարվա բարձր ջերմաստիճանն էլ հանգեցրել է նրան, որ լճում արագորեն սկսվեցին կենսածին գործընթացներ, լիճն արագ սկսեց ճահճանալ:

Մինասյանի կարծիքով՝ նոր կառավարությունն այս տարի չպետք է թույլ տա Սեւանից հավելյալ ջրառ իրականացնել. «Որովհետեւ լիճը գտնվում է կրիտիկական վիճակում։ Անգամ օրենքով թույլատրելի 170 միլիոն խորանարդ մետրը չպետք է բաց թողնվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031