Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամկետը լրանում է, բայց մենք դեռեւս չենք նախաձեռնում քաղաքական պայքարի գործընթաց». Շահեն Հարությունյան

Օգոստոս 09,2018 17:41

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերթական հիշեցումն է արել այն մասին, որ Շանթ Հարությունյանն անազատության մեջ է, մինչդեռ իշխանափոխությունից հետո քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները վաղուց ազատ են արձակվել: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված խոսքում հիշեցրել է, որ առջեւում կարեւոր աշուն է:

Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե Շանթ Հարությունյանի ազատ արձակման հետ կապված ինչպիսի զարգացումներ կան: «5 տարի Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Նա Շանթ Հարությունյանի մասին անընդհատ բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից, լրատվամիջոցներով, ներկա լինում դատական նիստերին: Երբ նա դուրս եկավ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վերարտադրման դեմ պայքարի, մի քանի խնդիր մատնանշեց՝ հանցագործ ռեժիմ, կոռուպցիա, ընտրությունների կեղծում, քաղբանտարկյալների առկայություն: Վերջիններիս մասին խոսելիս նա չորս հոգու անուն տվեց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի, որոնք ժամ առաջ պետք է ազատ արձակվեին: Գլխավոր անունը Շանթ Հարությունյանինն էր: Նրա նշած անձինք ազատության մեջ են, բացի Շանթ Հարությունյանից»,-նախ հիշեցրեց Շահեն Հարությունյանը:

Ապա շեշտեց, որ հայրը բանտից դուրս կգա միայն արդարացվելու դեպքում. «Միաժամանակ, սուտ է, թե նրան առաջարկել են ազատություն, եւ նա հրաժարվել է: Նրան առաջարկել են պատիժը բաց ռեժիմով կրել: Կան կարծիքներ, թե մենք պետք է դիմենք վարչապետին, սակայն ասեմ՝ երբ վարչապետը պայքարում է կոռուպցիայի դեմ, չի սպասում, որ որեւէ մեկը նրան նամակով դիմի: Նույնն էլ քաղբանտարկյալների խնդրին է վերաբերում: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Եվ ուրեմն, ինչո՞ւ է կառավարությունը սպասում, որ մենք խնդրագրով դիմենք»:

Հետաքրքրվեցինք՝ «երբ ասում եք կարեւոր աշուն, նկատի ունեք, որ բողոքի գործողություննե՞ր եք իրականացնելու Շանթ Հարությունյանի համար»: Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Հայրս առաջին մարդն էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո բանտից նամակ հղեց հանրությանը, կոչ արեց դադարեցնել բողոքի գործողությունները եւ խնդրեց ժամանակ տրամադրել նոր կառավարությանը եւ Նիկել Փաշինյանին՝ տեսնելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում: Օգոստոսի 17-ին լրանում է այդ նամակում մատնանշված ժամկետը, բայց մենք դեռեւս չենք նախաձեռնում քաղաքական պայքարի գործընթաց: Բայց տարբերություն չկա, թե ով է ղեկավարը: Եթե կա անարդարություն եւ քաղբանտարկյալ, պայքարելու եմ նրա ազատության համար: Կապ չունի՝ հա՞յրս է, թե՞ այլ քաղբանտարկյալ: Շանթ Հարությունյանը օր առաջ պետք է ազատ արձակվի»:

Մեր զրուցակիցը նշեց, որ թե Նիկոլ Փաշինյանի, եւ թե Սերժ Սարգսյանի օրոք պատրաստ է իրականացնել ցանկացած օրինական բողոքի գործողություն. «Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է (քանի դեռ իշխանության կողմից չեն եղել ժողովրդի դեմ հակաօրինական քայլեր) օրինականության սահմաններում խելամիտ պայքար մղել»:

Հիշեցնենք, որ 2013 թ. Մաշտոցի պողոտայում բախումների գործով 14 ցուցարարներից 12-ը դատապարտվել էին 1,5-ից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ Բացի Շանթ Հարությունյանից, ներկայումս մյուսները դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ են արձակվել, մի մասը՝ պատժի կրման բաց ռեժիմով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031