Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի սոցիալական ոլորտում սպասվում են պաշտոնանկություններ ու ձերբակալություններ

Օգոստոս 14,2018 17:03

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում աղմկոտ բացահայտումներ են տեղի ունեցել մարզի սոցիալական ծառայության տարածքային բաժիններում սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում։ Քրեական գործեր են հարուցվել Գյումրիի, Աշոցքի, Անիի և Արթիկի սոցիալական ծառայությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափի՝ այս պահի դրությամբ մոտ 15 միլիոն դրամի յուրացումներ կատարելու կասկածանքով։ Մեր տեղեկություններով, սպասվում են պաշտոնանկություններ, պատճառած վնասն արագ չվերականգնելու դեպքում, բնականաբար, նաև ձերբակալություններ։

Կոռուպցիոն այս աղմկոտ պատմությունից զերծ չեն նաև Գյումրու քաղաքապետարանի ենթակայությանը հանձնված սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցները։ Մենք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեցինք՝ թե ինչպե՞ս կպարզաբանի նրանց նման աշխատաոճը։

«Ճիշտն ասած՝ ես երեք անգամ հրաժարվել եմ այդ ծառայությունից, ես մի բան եմ հասկացել, որ ես չունեմ մի այնպիսի մարմին, որը կկարողանա ուղղակի վերահսկել այդ պրոցեսը։ Սոցիալական ոլորտի վերահսկողությունը, բնականաբար, սոցիալական նախարարությանն է եղել։ Ես մի բան եմ հասկացել, որ այդտեղ միշտ եղել են կոռուպցիոն ռիսկեր և պետք է կարողանան ձերբազատվել։ Այնտեղ շատ բան կա փոխելու, ես առաջարկել եմ դեռ այն ժամանակվանից, երբ Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, համապատասխան հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ։ Այս հարցերը միշտ բարձրացրել եմ։ Սոցիալական խնդիրների վրա չի կարելի այդպիսի աշխատանք տանել։ Չգիտեմ խաղի ի՞նչ կանոններ են եղել, ի՞նչ ձևի են աշխատել, բայց ես 2012 թվականին եկել եմ ու գրել եմ՝ հրաժարվում են։ Իրենք այստեղ մի լավ ծրագիր են անում, ուզում են չորս ծառայությունը միացնեն, դարձնեն մեկ պատուհանի սկզբունքով կենտրոն։ Ես այն ժամանակ նույնիսկ «Շիրակ» հյուրանոցն առաջարկեցի, թե վերցրեք, Համաշխարհային բանկն էլ ֆինանսավորում էր՝ իմիջիայլոց։ Չգիտեմ ինչի համար չվերցրեցին, մենք առաջարկեցինք կարծեմ Թբիլիսյան խճուղու վրա գտնվող 2-րդ պոլիկլինիկան, և՛ ես էի շահագրգիռ, և՛ այն ժամանակ պարոն Ցոլակյանն էր մարզպետ, և՛ նա։ Եկել էր նախարարն, ասացինք՝ արագ վերցրեք, խնդրում ենք մեզանից վերցրեք այդ ամենը և կոորդինացրեք, դարձրեք մեկ պատուհանի սկզբունքով, որպեսզի բնակիչը չինովնիկի հետ ուղղակի չշփվի։ Շատ վատ է, իհարկե, այդ երևույթը, ողջ հանրապետությունում նույն վիճակն է, ասում են սոցծառայությունները, սոցծառայությունները…

Ես շատ բացասական եմ գնահատում, պետք է բոլորը հասկանան, նաև մեր բնակիչները, որ գործարքների մեջ չմտնեն սոցծառայության աշխատողների հետ։ Ես հատուկ, նորից կանչել, զգուշացրել եմ, որ չի կարելի, որովհետև ես չեմ կարող էնպիսի ստուգումներ անցկացնել, կա համապատասխան նախարարություն»,-ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031