Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն չի խառնվի ընտրություններին

Օգոստոս 26,2018 19:18

Քաղհասարակության մի մեծ խմբի հետ հավաքի ժամանակ, որը կազմակերպել էր «Եվրասիա համագործակցության հիմնադրամը»` քննարկելու քաղաքացիական հասարակության ռազմավարությունները, անակնկալ կերպով հյուրընկալվեց նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ պատասխանեց քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին:

Դրանք բազմազան էին` սկսած ԱԱԾ արխիվների բացումից մինչեւ Վրաստանի հետ ֆուտբոլային խաղերի կազմակերպում (հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հաջորդ հավանական նախագահն է, նախատեսվում է, որ նրա ընտրությունը կլինի սեպտեմբերի վերջին):

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին հետաքրքրում էր` ճիշտ չի՞ լինի, եթե ԱԱԾ-ն նախարարության կարգավիճակ ստանա, որպեսզի հաշվետու լինի Ազգային ժողովի առաջ: Վանեցյանը համաձայն չէր, քանի որ` «նախարարը քաղաքական պաշտոն է», իսկ ինքը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է քաղաքականությունից հնարավորինս հեռու մնա` անկախ նրանից, թե ով է իշխանության: Ինչ վերաբերում է հաշվետվողականությանը, նա պատրաստակամություն հայտնեց. «Վեց ամիսը մեկ հավաքվեք էս կազմով (մի քանի տասնյակ մարդ էր հավաքված), ես էլ գամ, նստեմ էս աթոռին, ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»: Նախարարության կառուցվածքային հնարավոր փոփոխությունների վերաբերյալ պարոն Վանեցյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ԱԱԾ-ի երեք հիմնական գործառույթներից բացի` հետախուզություն, հակահետախուզություն եւ սահմանների պաշտպանություն, նոր բաժիններ ունենալ անվտանգության համակարգում` մեկը տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, մյուսը` կիբեռհանցագործությունների դեմ պայքարի:  Հաշվետվողականության շրջանակներում կլինի նաեւ ԱԱԾ նոր կայքը, որը կգործարկվի սեպտեմբերի սկզբից, կունենա թեժ գիծ, օնլայն եւ հետադարձ կապի հնարավորություն: «Այս երեք ամիսների ընթացքում աննախադեպ քանակի դիմում-բողոքներ ենք ստացել, ավելի քան 5000, այն դեպքում, երբ 20 տարիների ընթացքում այդքան դիմում-բողոք չենք ստացել»,-ասաց ԱԱԾ ղեկավարը` չմոռանալով նշել, որ դրանց գերակշիռ մեծամասնությունը ամենեւին կապ չուներ իրենց գործառույթների հետ: «Մարդիկ ուզում են անպայման անձնապես ինձ հետ հանդիպել, անկախ նրանից, թե ինչ հարցով են դիմում»,- նկատեց նա:

Արթուր Վանեցյանը խոստացավ, որ ԱԱԾ-ն որեւէ միջամտություն չի ունենա որեւէ ընտրությունների, եթե, իհարկե, ընտրակաշառքի կամ որեւէ այլ լուրջ խախտման վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունենա: Նաեւ խոստացավ, որ, ի տարբերություն նախկինի, մարդու իրավունքների որեւէ խախտում թույլ չի տա. «Եթե հանկարծ չնկատեմ եւ թույլ տամ` ինձ սաստեք, քննադատեք»,- ասաց նա Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի «սպառնալիքին» ի պատասխան` «չկարծեք, թե մենակ դուք եք մեզ հետեւում, մենք էլ ձեզ ենք հետեւում»:

ԱԱԾ ղեկավարը նաեւ ասաց, որ ի տարբերություն այլ ուժային կառույցների, իրենք երբեք չեն բռնել որեւէ մեկին` առանց լուրջ հիմնավորումների եւ կոնկրետ վտանգի սպառնալիքի, այդ իսկ պատճառով ԱԱԾ պարագայում չի եղել դեպք, որ հետո պարզվի, որ հանցակազմ չկար կամ այնքան ծանր չէր հանցագործությունը, որ ստիպված լինեն բաց թողնել մարդուն: «Մրցակցության մեջ են մտել ԱԱԾ հետ, ինչը երբեմն բերում է վատ հետեւանքների»- նկատեց ԱԱԾ ղեկավարը:

Վանեցյանը նաեւ հայտնեց, որ եթե նախկինում ամսվա ընթացքում 40-50 մարդ լքում էր ԱԱԾ-ն, իսկ տարվա ընթացքում հազիվ 10-20 մարդ էր ընդունվում գործի, այս երեք ամսվա ընթացքում արդեն 7000 դիմում են ստացել տարբեր մարդկանցից` ԱԱԾ-ում գործի անցնելու խնդրանքով, ինչն ակնհայտորեն նշանակում է, որ այդ կառույցի հանդեպ մարդկանց վստահությունը աննախադեպ բարձրացել է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031